Մատչելիության հղումներ

Հայաստանը 17 միլիոն դոլար է պարտք միջազգային կազմակերպություններին





Ազգային ժողովը 2001 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների շրջանակներում այսօր անդրադարձավ արտաքին հարաբերությունների ոլորտին:

Արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանը, ներկայացնելով գերատեսչության ծախսերը, դրանք բաժանեց երեք ուղղությունների՝ նախարարության կենտրոնական ապարատի աշխատանքի կազմակերպում, դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանության եւ միջազգային կազմակերպություններին մուծվող անդամավճարներ:

Պետական բյուջեով անցյալ տարի արտգործնախարարության կենտրոնական ապարատի համար նախատեսված էր 293 միլիոն դրամ, դեսպանություններին՝ 3 միլիարդ դրամ, իսկ որպես անդամավճար պիտի փոխանցվեր 761 միլիոն դրամ:

Անդամավճարային առաջանահերթ մուծումները կատարվում են այն կազմակերպություններին, որոնցում խիստ կարեւոր է դիտվում ձայնի իրավունքը չկորցնելը: Խոսքը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի մասին է: Իսկ, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ում անդամավճարը չմուծելու պատճառով Հայաստանը զրկվել է ձայնի իրավունքից:

Թաթուլ Մարգարյանի ներկայացմամբ, միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամավճարային պարտքը կազմում է մոտ 17 միլիոն դոլար, եւ այդ գումարը շարունակում է մեծանալ: Հարցը մասնակիորեն լուծում է ստանում տվյալ կազմակերպությունների հետ վճարային պայմանավորվածությունների հանգելու միջոցով, որպեսզի Հայաստանը կարողանա դրանք սպասարկել 6-10 տարվա ընթացքում:

«Կենտրոնական ապարատի ծախսերի գծով 2001 թվականի բյուջեով հաստատված 293 միլիոն 300 հազար դրամի դիմաց կազմել է 271 միլիոն 500 հազար դրամ: Դեսպանությունների գծով վիճակն ավելի բարվոք է. ֆինանսավորումը կազմել է 100 տոկոս», - ներկայացրեց Թաթուլ Մարգարյանը:

Իսկ անդամավճարային մուծումների համար 761 միլիոն դրամի փոխարեն հատկացվել է ընդամենը 608 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 80 տոկոսը:

Արտգործնախարարությունը նաեւ որոշակի գանձումներ է կատարում հյուպատոսական ծառայությունների դիմաց: Անցյալ տարի բյուջե պիտի փոխանցվեր 1 միլիարդ 561 դրամ: Այդ ցուցանիշը կատարվել է 98 տոկոսով:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG