Մատչելիության հղումներ




Ընդդիմադիր համագործակցությունը (13 ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ու հասարակական կազմակերպությունները) առժամանակ դադարեցնում է «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու առիթով սկսված եւ աստիճանաբար իշխանափոխություն պահանջների վերածված հրապարակային միջոցառումները:

Մայիսի 24-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է, որպեսզի, ինչպես ձեւակերպեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, համագործակցող քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց ծրագրային մոտեցումները, համաձայնեցնենք դրանք եւ, որ ամենակարեւորն է՝ պատասխանեն հանրությանը հետաքրքրող հարցին, թե հնարավո՞ր են արդյոք ավելի խորը դաշինքային հարաբերություններ այս համագործակցության շրջանակներում:

Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացին, որը Ազգային ժողովում ընթացք չստացավ, ապա պատգամավոր, «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի խոսքերով, դա «որպես լակմուս» ի ցույց դրեց մեր պատգամավորների իրական դեմքը: Սադոյանը վստահություն հայտնեց, որ պաշտոնանկությունն անպայման ընթաց կստանա, բայց՝ ավելի նպաստավոր պահին, երբ պատգամավորները, իրենց վարկանիշի մտահոգությամբ, ավելի համարձակ դառնան՝ ներկա խորհրդարանի ժամկետի ավարտին մոտ:

Ալբերտ Բազեյանը այսօր հայտարարեց նաեւ, որ չի հավակնում դառնալ ընդդիմադիր 13 կուսակցությունների միասնական թեկնածուն գալիք նախագահական ընտրություններում:

«Ես ոչ հիմա, ոչ էլ ապագայում որեւէ պետական պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունեմ: Ես ինձ ազատ քաղաքացի եմ համարում, ավելի շատ կարեւորում եմ իմ ազատությունները, քան ինչ-որ մի պաշտոնով կաշկանդված լինելու հանգամանքը», - ասաց նա:

Բազեյանի խոսքերով, միասնական թեկնածուի խնդիրը դեռեւս օրակարգում չէ, եւ ընդդիմադիր համախոհների կողմից չի դիտարկվում որպես գերխնդիր:

«Երբեք մենք չենք հայտարարել, որ սա քաղաքական դաշինք է: Սա պահի անհրաժեշտության բերումով առաջացած համագործակցություն է, որի բաղադրիչները մտադրություն ունեն գնալու ավելի խորը, ավելի լայն համագործակցության», - ասաց Ալբերտ Բազեյանը:

Նախկին քաղաքապետը անդրադարձավ նաեւ նախագահի պաշտոնանկության գործընթաց չսկսելու կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի արտահայտությանը, թե «ընդդիմությունը խելոքացել է»: Բազեյանի խոսքերով, ընդդիմությունը միշտ էլ խելոք է եղել, իսկ այն, ինչ վարչապետն է խելոքություն համարում, դա «զուտ սեփական խնդիրները տվյալ պահի համար» լուծելու հնարավորությունն է: Իսկ պաշտոնանկության ռազմավարության փոփոխությունը «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը պայմանավորեց նրանով, որ ընդդիմությունն ավելի իրատես է դարձել:

Ի պատասխան Երեւան - Մոսկվա - Լոս Անջելես հեռուստակարմջի ժամանակ նախագահ Քոչարյանի հայտարարությանը, թե յուրաքանչյուր ապակայունացման փորձ խփում է մեր քաղաքացիների գրպանին, Բազեյանն ասաց, թե իշխանությունների անօրինական քայլերն են դառնում ապակայունացման լավագույն խթանիչը»:

«Իշխանությունն ինքն է դրդում, ինքն է ստիպում, որպեսզի մենք հրապարակային միջոցառումներ կազմակերպենք», - ասաց Բազեյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG