Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան ընկերությունը 20 միլիոն դոլարի ծրագրային փաթեթ է տրամադրում Երեւանի ճարտարագիտական համալսարանի ամբիոնին


Չորեքշաբթի օրը ամերիկյան հանրահայտ «Քեյդընս դիզայն» ընկերության եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանի միջեւ ստորագրված համաձայնագրով վերջինիս «Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի նախագծում» ամբիոնին տրամադրվեց ավտոմատացված նախագծման ծրագրային միջոցների փաթեթ՝ 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ:

Աշխարհահռչակ «Լեդա սիստեմս» ընկերության հայաստանյան մասնաճյուղը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի նախագծում» մասնագիտությունը ուսանող 30 երիտասարդների համար նախանձելի պայմաններ է ստեղծել:

«Լեդա սիստեմսի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Մուրադյանի հավաստմամբ, այդ ամբիոնի ֆինանսավորման ու տեխնիկական հագեցման վրա ընկերությունը արդեն ծախսել է 4 միլիոն 700 հազար դոլար։ Այսօր այդ ամբիոնի հնարավորությունները բազմապատկվեցին «Քեյդընս դիզայն» ընկերության կողմից տրամադրած ավտոմատացված նախագծման ծրագրային միջոցների փաթեթի շնորհիվ։ 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ այդ փաթեթին շաղկապված եւս 5 միլիոն դոլարի ծրագրեր կտրամադրի «Լեդա սիստեմս» ընկերությունը։

Համաձայնագրի ստորագրումից հետո «Քեյդընս դիզայն» ընկերության փոխնախագահ Թոմ Մալգեսինին ասաց, որ այսօր աշխարհում էլեկտրոնային սարքերի նախագծումը 95 տոկոսով կատարվում է իրենց ընկերության ծրագրային ապահովության միջոցներով, եւ այդ շուկան պահպանելու նպատակով շահագրգիռ են ներդրումներ անել նաեւ մարդկային կապիտալի եւ մարդկանց մասնագիտական հմտությունների զարգացման մեջ: «Իսկ Հայաստանն այդ առումով ցանկալի երկիր է», - ասաց Մալգեսինին:

«Լեդա սիստեմս»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Մուրադյանը «Քեյդընս դիզայն»-ի ներդրման փոխհատուցումը այսպես բացատրեց. - «Դրա վերադարձը եկամուտների ձեւով ունի անուղղակի տեսք: Այսինքն ոչ մի պարտավորվածություն վերադարձի կապակցությամբ չկա: Միակ պարտավորվածությունը այն ներդրում է, որ «Լեդա սիսթեմս»-ը անում է եւ պիտի անի, որպեսզի այդ գործիքները կարողանան օգտագործվել»:

Մուրադյանը, ի հեճուկս տարածված կարծիքի, թե Հայաստանում բարձր որակավորում ունեցող հազարավոր անգործ ծրագրավորողներ կան, պնդում է, որ նրանց դեռ պետք է պատրաստել, ծախսեր կատարել եւ հետո միայն սպասել, որ հայտնի ընկերությունները ներդրումներ անեն Հայաստանում:

ճարտարագիտական համալսարանի Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի նախագծման միջդեպարտամենտալ ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանի խոսքերով, 30 ուսանողներից յոթը արդեն կես դրույքով աշխատանք ունեն «Լեդա սիստեմս»-ում, եւս 11-ը փորձաշրջան են անցնում։ Իսկ ավարտելուց հետո նրանց լիարժեք աշխատանքը ընկերությունում ամսեկան միջինը 1000 դոլար աշխատավարձով երաշխավորված է, ու ամբիոնի ղեկավարը վստահ է, որ նրանցից ոչ ոք չի լքի Հայաստանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG