Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանականները պնդում են, որ մահապատժի վերացումը չպետք է տարածվի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների վրա


Ամենայն հավանականությամբ, Ազգային Ժողովի՝ մայիսի 27-ին սկսվելիք հերթական եռօրյայում կքննարկվի Քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որով որպես առավելագույն պատժաչափ է սահմանվում ցմահ բանտարկությունը: Գործող օրենսգրքով առավելագույն պատժաչափը մահապատիժն է, որից հետո՝ 15 տարվա ազատազրկումը: Մահապատժի վերացման հաջորդ քայլը Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի վեցերորդ արձանագրության վավերացումն է, որը կնշանակի երկրում մահապատժի վերացում՝ բացառություն թողնելով պատերազմական իրավիճակների դեպքերի համար:

Հայաստանում որոշ օրենսդիր պաշտոնյաներ ասում էին, թե Եվրախորհրդում, որին անդամակցելու պարտավորություններից է մահապատժի վերացումը, ըմբռնումով են մոտենում, թե այդ հարցում Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր բացառություն են պահանջում «Հոկտեմբերի 27»֊ի ահաբեկիչների հանդեպ:

Նախորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարարությունում տված ասուլիսում, սակայն, Եվրախորհրդում Հայաստանի պարտավորությունների կատարումը հսկող խմբի ղեկավար Պիետրո Ագոն, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, ասաց, թե Եվրախորհրդի դիրքորոշումը հետեւյալն է. ոչ մի բացառություն՝ կապված մահապատժի վերացման հետ:

Ըստ որոշ տեղեկությունների, Քրեական օրենսգրքի՝ շրջանառության մեջ եղած՝ կառավարության եւ պատգամավորների միասնականացրած նախագծում, այնուամենայնիվ, միջանկյալ դրույթ նախատեսվում է, եւ դրանով մահապատժի հարցում բացառությունների տեղ թողնվելու է:

Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նախ նշեց, որ, մահապատիժը որպես պատժաչափ, չկա այդ նախագծում: «Բայց ես կարծում եմ, քննարկումների ժամանակ կարվեն առաջարկություններ, որոնք ոչ թե պետք է հղում անեն «Հոկտեմբերի 27»-ին, այլ առաջարկեն լուծումներ, որոնց շրջանակում կտեղավորվի նաեւ «Հոկտեմբերի 27»-ը», - ավելացրեց նա: - «Բնականաբար, օրենսգրքում չի լինելու վերապահում կոնկրետ գործի հետ կապված»:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, «Միասնություն» խմբակցության ՀԺԿ պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ասաց, որ օրենսգրքի քննարկմանն առաջարկություն են անելու մահապատիժը ներառել ու հանել ցմահ բանտարկությունը:

«Մենք գտնում ենք, որ մահապատիժը պետք լինի: Ոչ թե «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված: Ընդհանրապես մահապատիժը դեռ վաղ է մեզ մոտ վերացնելը», - ասաց Հարությունյանը:

ՀԺԿ պատգամավոր Ստեփան Զաքարյանը, կողմ լինելով, որ ամրագրված լինի մահապատիժը, կարծում է, որ ցմահ բանտարկության պատժաչափն էլ կարելի է թողնել: «Բայց այն, որ մահապատիժը պիտի լինի, մենք մեր կարծիքը չենք փոխել: Եվ ես նույնպես դա չեմ կապում «Հոկտեմբերի 27»-ի հետ», - ասաց նա: - «Հայաստանի համար վաղ է էդ մասին խոսելը»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG