Մատչելիության հղումներ

Աջ ուժերը մասնակցելու են նախագահական ընտրություններին





Նախկին իշխանական Հայոց համազգային շարժում կուսակցությունը (ՀՀՇ), ինչպես երեքշաբթի օրը հայտարարեց Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, աջ ուժերի կազմում անպայմանորեն մասնակցելու է 2003 թվականի նախագահական ընտրություներին՝ շատ հնարավոր է իր թեկնածուով: Սակայն եթե լինի ընդդիմության միացյալ թեկնածու, միանգամայն հնարավոր է, որ աջ ուժերը սատարեն նրան: Միայն կոմկուսի թեկնածուն է, որ չի ստանա աջ ուժերի աջակցությունը:

Ազգային ժողովի նախկին խոսնակ, «Արմատ» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Արարքցյանը, խոսելով ներկայիս ընդդիմության ներկայացուցիչներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մասին, ասաց, թե վերջինս ընդդիմության դաշտում դրված «ական» է, որ մի օր պայթեցնելու այդ դաշտը: «Արմատ»-ի առաջնորդն այսպես է դատում, քանի որ, իր տպավորությամբ, Գեղամյանը արհեստական պատճառներ է փնտրում՝ հակադրվելու ընդդիմությանը:

Իսկ ինչ վերաբերում է այսօր Ազատության հրապարակի հարթակում գործող ընդդիմությանը, ապա, ըստ Արարքցյանի պատկերավոր դիտարկման՝ «նրանք նվագում են այնքան, որքան կարողանում են»: Այդուհաներձ, ներկայիս իշխանություններին հակադրվող միակ ուժն են: Իշխանափոխությունն էլ պարոն Արարքցյանը Հայաստանի համար համարում է անհրաժեշտ, այլապես «մեր ապագան անփառունակ է»:

Ընտրական թեման Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի ասուլիսում արծարծվեց Հայաստանի նորագույն պատմության ողջ ժամանակահատվածի կտրվածքով: «Արմատ» հասարակական կազմակերպության ղեկավարը հայտարարեց, թե ուղիղ 12 տարի առաջ 1990 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցած Գերագույն խորհրդի ընտրություններն էլ մեզանում ժողովրդավարական չեն եղել:

«Իրականում 90 թվականին չեն եղել ժողովրդավարական ընտրություններ: 90 թվականին առաջին անգամ Սովետական Միությունում եղել են այլընտրանքային ընտրություններ», - ասաց նա, ավելացնելով, որ ժովովրդավարության դրսեւորումներ այն ժամանակ արձանագրվել են բացառապես Երեւանում, իսկ շրջաններում «ռայկոմներն են ընտրությունները տնօրինել»:

2003 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրություներում, ըստ Արարքցյանի, առավել որոշիչ են լինելու 2 իրողություններ՝ ֆինանսական միջոցները եւ արտաքին ազդեցությունները հատկապես նախագահական ընտրություններում:

Հայաստանում իշխանության հավակնող բոլոր ուժերը, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, Արարքցյանի խոսքերով, «տրոլեյբուսի ճանապարհ են դարձրել» Երեւան –Մոսկվա երթուղին եւ մրցում են Ռուսատանին հավատարիմ երեւալու ասպարեզում: Մյուս կողմից էլ, Մոսկվան է հետաքրքրված Հայաստանում իր ազդեցիկ լծակներն ունենալու մեջ:

Մինչդեռ, ըստ Բաբկեն Արարքցյանի, Ռուսաստանը «ռասիստական պետություն» է դարձել: «Ռուսաստանը այսօր այնուամենայնիվ իրականացնում է ցեղասպանություն Չեչնիայում», - ասա նա: - «Եվ ցեղասպանություն ապրած ժողովուրդը մի բառ ասե՞լ է այդ ցեղասպանության իրականացնողների դեմ»:

Հայաստանը տարածաշրջանում դարձել է ռուսական զենքի հենակետ,ակտիվորեն մասնակցում է կազմակերպության վերածված Հավաքական անվտանգության պայմանագրին, մինչդեռ մեր ռազմավարական ուղղությունը պետք է լինի դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն:

«Եթե դուք ուզում եք Ղարաբաղի հարց լուծել, եւ պետք է անվտանգության համակարգ, Ղըրղզստա՞նն է այդ անվտանգության համակարգը երաշխավերու, թե՞ Տաջիկստանը», - հեգնական հարց ուղղեց իշխանություններին Արարքցյանը:

Իսկ Արեւմուտքին հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանը գրեթե չի հետաքրքրում, քանի որ, ըստ Արարքցյանի, որովհետեւ ուշ թե շուտ մեր երկիրը կմնա բացառապես Իրանի հետ՝ շրջապատվելով ՆԱՏՕ-յի անդամ երկներ Թուրքիայով,Վրաստանով ու Ադրբեջանով:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG