Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի թիվ մեկ չարիքը ամենաթողությունն է». առաջին հերթին սա է ի հայտ բերել «Աջակցություն բարեփոխումներին» հասարակական կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական ուսումնասիրությունը: Հարցվածների 47 տոկոսը այդ կարծիքին է: Ամենակուլ ամենաթողությունից հետո, ինչպես ներկայացված է «Օր» թերթում, մարդիկ պետական կառավարման ոլորտում առավելապես առնչվել են օրենսդրական դաշտի անկատարությանն ու կոռուպցիային:

«Առավոտ» թերթը այսօրվա խմբագրականում ընդգծում է, որ պետական սեփականություն համարվող «Զվարթնոց» օդանավակայանը սնանկացման շեմին է հայտնվել ավիացիայի ոլորտում էլ իրենց կլանային կառավարման դասական համակարգը կիրառող իշխանությունների մեղքով: Եվ հիմա էլ Էռնեկյանի կառավարումը հայոց օդանավակայանը կարող է փրկել միայն այն դեպքում, եթե այն նոր տնօրինողին հանձնվի առանց տեղական «օլիգարխների»:

«Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով՝ երկրի ամբողջ օրենսդրությունը սփյուռքահայ գործարարների քմահաճույքին հարմարեցնելով ստեղծվում են հերթական մենաշնորհային հրեշները. «Եթե դիտարկենք Էռնեկյանին եւ Գաֆեսճյաններին տրվող արտոնությունների էությունը, ապա ստացվում է, որ ստեղծվում են հսկայածավալ եւ գերշահութաբեր տնտեսական տիրույթներ, որոնց տիրապետելու են այդ սփյուռքահայ գործարարները: Այդ տիրապետումը գրեթե ոչնչով չի տարբերվելու Հայաստանում փաստացի իշխող կլանային մենաշնորհային մեխանիզմից, բացառությամբ այն բանի, որ հայաստանյան ծագում ունեցող օլիգարխները արտոնություններից օգտվում են առանց օրենքի, իսկ Էռնեկյանն ու Գաֆեսճյանները դա անելու են կվազիօրինականացված կարգով»: Ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ը գրանցում է Հայաստանում կլանայնության ամրապնդման գործընթաց, որին կարելի է վերջ դնել միայն համակարգային իշխանափոխությամբ:

«Որքան էլ այսօր հոխորտան թուրք զինվորականները կամ դիվանագետները, ոչ ոք նրանց թույլ չի տա անցնել Արաքսը: Որքան էլ սպառնալիքներ տեղա Ադրբեջանը, մոտակա տարիներին նրա բանակն ի վիճակի չէ որեւէ լուրջ ռազմական գործողություն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում: Ուրեմն», - այս ելակետից շեշտում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, - «թուրք-ադրբեջանական ներկա դաշինքի հիմնական խաղաքարտը իրենց ոչ թե ռազմաքաղաքական, այլ տնտեսական-կոմունիկացիոն առավելությունների օգտագործումն է՝ Հայաստանին պայմաններ թելադրելու համար... Ուստի ակնհայտ է դառնում, որ այս անգամ կարող ենք տանուլ տալ ոչ թե ռազմի դաշտում, այլ տնտեսական մրցակցության մեջ, եթե չգիտակցենք պահի կարեւորությունը եւ չսկսենք հիրավի համազգային տնտեսական զորաշարժ՝ «այժմ՝ կամ երբեք» կարգախոսով»: Մեկնաբանի կարծիքով, հենց սա է Հայաստան - Սփյուռք երկրորդ համահայկական խորհրդաժողովի հիմնական քաղաքական իմաստը, նրա առջեւ դրված ժամանակի մեծ հրամայականը:

Այսօր լույս տեսած «Օրրան» նոր օրաթերթը, առաջին խմբագրականում անդրադառնալով Հայաստան - Սփյուռք երեկվա հեռուստակամրջին, առանձնացրել է. - «Համահայկական խնդիրների շրջանակը այդպես էլ չհստակեցվեց: Ցավալի է, բայց փաստ՝ այդպիսի խնդիրներ այսօր գոյություն չունեն: Օրինակ՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանում տնտեսական ներդրումներ կատարելը համահայկական խնդիր է: Եվ դա իսկապես այդպես է: Բայց Հայաստանի ներկա կլանային համակարգի եւ կոռումպացվածության ահավոր աստիճանի պայմաններում ցանկացած ներդրում շատ արագ կլցվի մի քանի պաշտոնյաների գրպանը՝ առանց որեւէ կերպ անդրադառնալու մեր երկրի տնտեսության վրա: Հետեւաբար, ներդրումներ բերելուց առաջ պետք է նախ ոչնչացնել կլանային համակարգը, ինչը ավտոմատ կերպով նշանակում է իշխանափոխություն: Իսկ սա արդեն ոչ թե համահայկական խնդիր է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լուծելու հարցն է»:

Նույնը, ըստ «Օրրան»-ի, կարելի է ասել նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին. - «Սփյուռքը, իր բավականին մեծ տնտեսական ու քաղաքական կարողություններով, ի վիճակի է նպաստել ղարաբաղյան հակամարտության բարենպաստ կարգավորման՝ Հայաստանի իշխանությունների ջանքերին: Բայց՝ միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները իրենք հարցին մոտենան իրատեսորեն եւ իսկապես ձգտեն վերջնական կարգավորման... Սփյուռքը չի կարող աջակցել գոյություն չունեցող ծրագրի իրականացմանը: Հետեւաբար՝ ղարաբաղյան հարցում որեւէ հստակ ծրագրի իրականացումը նույնպես հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում, իսկ դա արդեն ոչ թե համազգային խնդիր է, այլ նորից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լուծելիք հարցը», - բխեցնում է «Օրրան»-ը:

Նույն թերթի հարցազրույցում Հրանտ Մաթեւոսյանը ասում է. - «Ռուսական ամբողջ մշակույթը՝ Պուշկինից, Դոստոեւսկուց սկսած Բլոկի «Տասերկուսով» վերջացրած, մղում էր դեպի հեղափոխություն: Եթե չլինել էդ միտումը, միապետությունը ինչպե՞ս էին կործանելու: Իսկ մենք մեր ժողովրդի կյանքում առաջին անգամ Բանի աշխարհից դուրս եկանք Պրագմատիկների աշխարհ: Բանի աշխարհի ժողովուրդ էինք՝ մարդասիրական արժեքներ դավանող: Մի տեղից դուրս ենք եկել, էն մի տեղն էլ դեռ չենք հասել: Դրա համար ենք մոլորված էսպես... Հիմա Տգիտությունը դաշտը պատել է: Չարությունը դաշտը ծածկել է: Մակարդակն իրեն շատ է փնտրել տալիս... Քանի՞ հոգի ենք, նախագահորեն մտածենք՝ ինչ կանեի ես, եթե նախագահ լինեի: Ինչ ասում ենք՝ քննադատություն է, հետո ի՞նչ... Զազրախոսում ենք: Մինչդեռ զազրախոսությունը, որ երբեւէ չի գնդվում, ստույգ ձեւ չի ընդունում, սոլժենիցինյան սրություն չի ստանում եւ բռնապետության դեմ կոշտ, ճշգրիտ պատերազմի ձեւ չի ընդունում», - բանաձեւում է Հրանտ Մաթեւոսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG