Մատչելիության հղումներ

Հայաստանը այս տարի կարող է դառնալ ԱՀԿ անդամ





Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության խնդիրն է եղել այդ կազմակերպության գործադիր տնօրեն Մայք Մուրի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ երկուշաբթի օրը կայացած բանակցությունների հիմնական թեման:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, Մայք Մուրը հայտնել է, որ մինչեւ հուլիս ամիսը կավարտվեն ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության ընթացակարգային գործընթացները, որից հետո կազմակերպության Գլխավոր խորհրդի նիստում մեր երկիրը կհայտարարվի Առեւտրի համաշխարհային կազմակերպության 145-րդ անդամը:

ԱՀԿ գործադիր տնօրենը նույնն ասաց նաեւ լրագրողներին: Սակայն, թե որքանով է այս տեսակետը մոտ իրականությանը, դժվար է դատել, քանի որ, նույն Մուրը աուլիսում ասաց, թե իր կանխատեսումները «6 ամիս անց, պարզվում է, որ սխալ են եղել»:

Այս պահի դրությամբ, սակայն, Մուրի ներկայացմամբ, Հայաստանը անդամակցության հարցում ընդամենը մեկ-երկու խնդիր ունի, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը: Ըստ ԱՀԿ գործադիր տնօրենի, դրանք բանակցային ճանապարհով լուծելի են՝ «գործընկերների նկատմամբ ճնշումներով, դիվանագիտությամբ եւ ճկունությամբ»:

Խոսքը ժամանակին Կանադայի եւ Ավստրալիայի կողմից դրված պայմանն էր, որ Հայաստանը ներկրվող գյուղմթերքների վրա մաքսատուրք չսահմանի: Միացյալ Նահանգներն էլ, ելնելով հակամենաշնորհային դիրքերից, դեմ էր արտահայտվել «ԱրմենՏել»-ին հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհային լիազորություններ ընձեռելու փաստին:

Ըստ երեւույթին, այս ամենի վերաբերյալ Մայք Մուրը ասելիք չուներ, քանի որ, նրա ներկայացմամբ, իր գլխավորած կառույցի նպատակն է դյուրացնել բանակցային գործընթացը անդամ երկրների հետ՝ ԱՀԿ անդամ դառնալու ճանապարհին, իրենք, սակայն, բանակցային կողմ չեն հանդիսանում: ԱՀԿ-ն առավելապես տնտեսական վեճերին է անդրադառնում՝ փորձելով դրանք լուծել խախաղ միջոցներով:

Սակայն եթե ԱՀԿ-ն բանակցային կողմ չէ Հայաստանի համար այդ կառույցին անդամակցելու գործում, ապա այդպիսին է Թուրքիան: Անցյալ տարի ԱՀԿ-ի փորձագետ Պետեր Նառեյը ասել էր, թե, ԱՀԿ-ի անդամ դառնալով, Հայաստանը կարող է պահանջել, որ Թուրքիայի կողմից կիրառվող շրջափակումը ապօրինի ճանաչվի:

Անդրադառնալով այդ հարցին, Մայք Մուրը ասաց, թե ԱՀԿ-ն ձգտում է դուրս լինել քաղաքականությունից եւ պատժամիջոցներ չի կիրառում, իսկ Թուրքիայի տրամադրվածությունը Հայաստանի անդամակցության հարցում «բանակցային է»: ԱՀԿ գլխավոր տնօրենը չմանրամասնեց, թե ինչ ասել է «բանակցային տրամադրվածություն»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG