Մատչելիության հղումներ

Ռեյկյավիկում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայմաններ չեն քննարկվել





Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շաբաթ օրը հերքեց, թե Իսլանդիայի մայրաքաղաքում օրերս կայացած Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի նախապայմանները:

Ռեյկյավիկի հանդիպումից հետո թուրքական մամուլում գրվեց, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը որոշակի նախապայմաններ է առաջ քաշել: Թուրքական մամուլի փոխամցմամբ՝ Հայաստանը պետք է ցեղասպանության խնդիրը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը, իր Սահմանադրությունից վերացնի տարածքային պահանջների հոդվածը, լուծի Լեռնային Ղարաբաղի հարցը (ինչը, ըստ թուրքերի, նշանակում է դուրս բերել հայկական բանակը Ղարաբաղի տարածքից) եւ միջանցք տրամադրի Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը ապահովելու համար:

Այսօր հրավիրած ասուլիսում Վարդան Օսկանյանը ասաց, թե դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Նախարարի խոսքերով, գուցե այդպիսի պայմաններ կան, ուրիշ տեղ դրանց մասին ասվել է: «Բայց կոնկրետ մեր եռակողմ հանդիպման ընթացքում ընդհանրապես Հայաստան - Թուրքիա երկկողմ հարաբերությունները չեն քննարկվել», - հայտարարեց Օսկանյանը:

Հայաստանի արտգործնախարարը «կառուցողական եւ օգտակար» որակեց Թուրքիայի նախաձեռնությամբ անցկացված 3 երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ հատուկ նշելով, որ այս, ինչպես նաեւ Թուրքիայի արտգործնախարարի հետ իր հանդիպումները բնավ չեն նշանակում, թե Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Թուրքիան հանդես է գալիս իբրեւ միջնորդ:

Ըստ թուրքական «Ռադիկալ» թերթի, եռակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 25-ին Ստամբուլում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ:

Վարդան Օսկանյանը չմանրամասնեց նաեւ Իսմայիլ Ջեմի հետ իր առանձնազրույցը, նշելով սոսկ, որ արտգործնախարարների մակարդակով երկխոսություն է սկսված, եւ լրացուցիչ «կանալների» կարիքը չկա (նկատի ունենալով Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը):

Պրահայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին հանդիպումը Վարդան Օսկանյանը դրական գնահատեց, ավելացնելով, թե հաջորդ հանդիպումները ցույց կտան, թե «ինչ է ստացվում բանակցությունների այս նոր ֆորմատից»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպմանը, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում, Օսկանյանը նշեց, որ այն խթան կհանդիսանա նրանց ներկայացուցիչների հաջորդ հանդիպումների համար:

«Ղարաբաղի հարցի կարգավորումը նոր միջնորդների կարիք չունի», - շեշտեց Վարդան Օսկանյանը: - «Բայց կարիք ունենք մեր հարեւանների ակտիվ մասնակցության՝ իրենց ներդրումը բերելու նպատակով, գործնական քայլերով առավել բարենպաստ մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում, որը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա»:

Անդրադառնալով զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման՝ Իրանի ծրագրերի իրականացմանը նպաստելու համար Միացյալ Նահանգների կողմից հայաստանյան «Լիզին» ընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, Հայաստանի արտգործնախարարը ասաց, որ դա առանձնակի ազդեցություն չի ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

Օսկանյանի մեկնաբանությամբ, երկակի օգտագործման ապրանքների շուրջ միշտ էլ կարելի է վիճել: Առաջին հայացքից նույնիսկ անմեղ թվացող մետաղի բաղադրության մեջ կարող են այնպիսի տարրեր լինել, որոնք կարող են օգտագործվել միջուկային, կամ քիմիական զենքերի մեջ: Նա վստահաբար ասաց, թե հայաստանյան ընկերությունը այլ երկրի միջուկային ծրագրերին նպաստելու միտում չի ունեցել:

«Լիզին» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Օհանյանը հայտարարել է, թե իրանական որեւէ կազմակերպության արգելված տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ երբեք չեն վաճառել:
Ամերիկյան կողմը, մինչդեռ, արդեն պաշտոնապես տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը, որ պատժամիջոցները սահմանվել են վաճառքի համար՝ վաճառած ապրանքը իր մեջ պարունակել է երկակի նշանակության տարրեր:

Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ Վարդան Օսկանյանը ասաց, որ դրանք բարձր մակարդակի վրա են 1991 թվականից ի վեր եւ «մեր քաղաքականության մեջ փոփոխություն մտցնելու որեւէ պատճառ չենք տեսնում»:

«Կոնկրետ այս դեպքը, ինչպես նաեւ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը որեւէ ազդեցություն չի ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG