Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի փոխնախագահը պարզաբանում է Եվրոպական դատարան դիմելու կարգը


Ապրիլի 26-ին Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը եվրոպական այդ կազմակերպության ղեկավարությանը հանձնեց Հայաստանի Ազգային ժողովի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին, եւ այդ պահից ի վեր Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է դիմում ներկայացնել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարան կարող է դիմել նաեւ ինքը՝ Հայաստանի Հանրապետությունը... եւ գանգատարկել Եվրոպայի խորհրդի անդամ այլ պետությունների կողմից թույլ տված մարդու իրավունքների խախտումները», - այսօր հրավիրած ասուլիսում, պարզաբանելով միջազգային այդ ատյան դիմելու ընթացակարգը, ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը, որը նաեւ հեղինակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության առանձնահատկություններին, գանգատների ներկայացման կարգին նվիրված գրքույկը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան կարելի է դիմել միայն ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Վլադիմիր Հովհաննիսյանը «լուրջ չի համարում» առանց համապատասխան մասնագետների օգնության հայցեր ներկայացնել Ստրասբուրգի դատարան: Այդ նպատակով Հայաստանում արդեն ստեղծվել է «Գուդվիլ» իրավաբանական ծառայությունը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները բեկանման ու որեւէ պետության կողմից չկատարման ենթակա չեն: Իսկ շահող քաղաքացին բավականին մեծ գումարներ է ստանում՝ պետությանը պարտադրված փոխհատուցումների արդյունքում:

«Այդտեղ կայացված վճիռները պետությունների համար ունենում են սարսափելի նեգատիվ նշանակություն: Մեկ, երկու, հինգ որոշումը պետության միջազգային հեղինակությունը կարող է բավականին խաթարել», - ասաց Հովհաննիսյանը: - «Այսուհետ մեր պետական մարմինները, ինստիտուտները պետք է ձերբազատվեն անպատժելիության զգացումից»:

Կա եւս մեկ պայման, որը որոշակիորեն դեռ սահամանփակելու է Հայաստանի քաղաքացիների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

«Եվրոպական դատարանում քննվում են այն գործերը, որոնք կատարվել են պետության կողմից [Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան] վավերացնելուց հետո», - ասաց Վլադիմիր Հովհաննիսյանը: - «Կամ՝ որոնք կատարվել են վավերացնելուց առաջ, բայց որոնց վերաբերյալ ներպետական համապատասխան մարմնի վերջին որոշումը կայցվել է վավերացումից հետո»:

Ստրասբուրգի եվրոպական դատարանը չի քննարկում մարդու իրավունքների խախտումներին չվերաբերող գործեր: Որեւէ տնտեսվարող սուբյեկտ, օրինակ, մյուսի դեմ Ստրասբուրգում չի կարող դատ բացել: Հայցը, սակայն, ընդունելի կհամարվի, եթե նա դժգոհ լինի դատավարության ընթացքից եւ կարողանա փաստարկել, որ տեղի է ունեցել անարդար դատավարություն:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG