Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հայտարարում է ոստիկանության «աննախադեպ» միջամտության մասին


13 ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ վերջին հանրահավաքից հետո «աննախադեպ» բնույթ է կրել հանրահավաքի մասնակիցներին ներքին գործերի բաժիններ բերման ենթարկելը:

«Մայիսի լույս 15-ի գիշերը հանրապետության տարբեր բնակավայրերում միաժամանակ իրականացվել են բռնություններ: Ոստիկանական հագուստ հիշեցնող հագուստով մարդիկ գիշերով մուտք են գործել քաղաքացիների անձեռնմխելի բնակարանները եւ ուժով, հարկադրանքի միջոցով տարել են բնակարաններից», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ մի քանի տասնյակ մարդ ներկայումս գտնվում են վարչական կալանքի տակ: «Իրականացվել են դատական պրոցեսներ, որոնք անցնում էին առանց քարտուղարի, առանց փաստաբանի», - ասաց Սարգսյանը:

Ընդդիմադիրների մատուցմամբ, զանցանքների մեջ մեղադրվածների թիվը հայտնի չէ, քանի որ դատարանը չի տրամադրում որոշումներն ու վճիռները:

«Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գառնիկ Մարգարյանի խոսքերով, բերման ենթարկվածների թվում է եղել նաեւ ներքին գործերի նախկին նախարար Լեւոն Գալստյանը:

Ըստ Արամ Սարգսյանի, այս գործողությունների համար իրավական հիմք է հանդիսացել «քաղաքապետի որոշումը կամ տեղեկանքը»:

«Նա համարում է, որ արտոնված չէ երթը: Հանրահավաքը արտոնված է», - ասաց Արամ Սարգսյանը: - «Մենք չենք դիմել թույլտվության համար: Ըստ մեր սահմանադրական իրավունքի՝ տեղյակ ենք պահում»:

Ընդդիմադիր ճակատը գտնում է, որ քաղաքապետարանից թույլտվություն ստանալու խնդիր չունի, քանի որ քաղաքացիների խաղաղ երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրության 26-րդ հոդվածով: Քաղաքապետարանից պնդում են, որ թույլտվությունն անհրաժեշտ է: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում դա հաստատեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կոշեցյանը, ավելացնելով, որ իրենք աննպատակահարմար են համարել երթի անցկացումը:

13 ընդդիմադիր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ Հայաստանում գտնվող Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Ագոյին են ներկայացրել այս փաստերը, եւ ըստ Արտակ Զեյնալյանի, Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող խմբի ղեկավարը «ապշել էր»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG