Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան ստատուս քվոն «Հայաստանի օգտին չէ»


Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները Երեւանում նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փակուղում մնալը Հայաստանի շահերից չի բխում, եւ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի՝ հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով:

«Մենք տեսակետ արտահայտեցինք, որ «ստատուս քվո»-յի պահպանումը ճիշտ տարբերակը չէ, եւ որ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում», - Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ասաց Եվրախորդրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող «Ագոյի խմբի» ղեկավար, Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Ագոն, ավելացնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է «ակտիվորեն որոնեն» հակամարտության լուծումներ:

«Նախագահը պատասխանեց, որ ակտիվորեն որոնում է հակամարտության լուծումներ, սակայն ժամանակը կարծես թե չի հասունացել մոտալուտ կարգավորման համար», - ասաց Պիետրո Ագոն, մեջբերով Հայաստանի նախագահի խոսքերը, թե Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված հայկական կողմի բոլոր առաջարկությունները:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պնդում են, որ Ադրբեջանի մեղքով են փակուղում հայտվել միջազգային միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունները: Նրանք Բաքվին մեղադրում են երկու երկրների նախագահների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից ետ կանգնելու համար:

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, հերքում է, թե երկու երկրների նախագահները հակամարտության կարգավորման վերաբերյալ որեւէ սկզբունքային համաձայնությունների էին հանգել:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG