Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպես եւ կանխատեսում էին իրատեսները, Քոչարյանի պաշտոնանկության՝ ընդդիմության նախաձեռնած գործընթացը հերթական անգամ տապալվեց», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ պատճառ տեսնելով նախեւառաջ նախաձեռնողների շարքերում ցաքուցրիվությունն ու անպատրաստությունը: - «Ընդդիմության պահվածքը չի կարող գոնե երկու հարց չառաջացնել. հարց առաջին՝ մի՞թե ընդդիմությունը ծանոթ չէր այս խորհրդարանի դեմքին եւ արժե՞ր ձեռնարկել մի բան, որից հենց հաջորդ օրը պիտի հրաժարվեին. եւ հարց երկրորդ՝ ինչքա՞ն պիտի այս ընդդիմությունը հուսախաբ անի ժողովրդին»: «Ընդդիմությունը նաեւ խռովել էր, որ երեկ Ազատության հրապարակ քիչ ժողովուրդ էր եկել, եւ իրենք այդքան մարդով խորհրդարան չէին կարող գնալ. իսկ ինչո՞ւ պիտի ժողովուրդը գար, երբ ամեն ուրբաթ ժողովրդի գլխին աննպատակ «լոլո» են կարդում ու ճամփում տուն», - հակադարձվում է «Հայկական ժամանակ»-ում: Ընդդիմության ներկայացուցիչները այս ձախողման բացատրություններում առանձնացնում են եւ այն հանգամանքը, որ «նախորդ օրվա հանրահավաքից հետո մոտ 4 տասնյակ մասնակիցների տարել են քաղմաս, նրանց մի մասին ենթարկել վարչական կալանքի, իսկ մի մասին՝ տուգանել»: «Հիմա առաջնորդները որոշել են արվածը վերլուծել եւ արդեն մայիսի 24-ին մեծ հանրահավաք կազմակերպել», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը:

Ամեն անգամ այս հանրահավաքներից ու երթերից հետո «տեղեկություններ են ստացվում, թե մարզերում, Երեւանի համայնքներում մարդաորս է տեղի ունենում. իրավապահները ներքին գործերի բաժիններ բերման են ենթարկում այն քաղաքացիներին, ովքեր համարձակվում են մասնակցել բողոքի ակցիաներին» («Առավոտ»): Թերթի թղթակցին ընդդիմադիր ղեկավարներից մեկը հավաստել է, որ «հավաքում են բոլոր այդ օրինախախտման փաստերն ու նյութերը, դիմելու են համապատասխան ատյաններ»: «Իշխանությունը ժողովրդին ապստամբության կո՞չ է անում» ակնարկալի վերնագրի տակ «Առավոտ»-ում շեշտվում է, որ իրավապահները ոտնահարում են Սահմանադրությամբ հռչակված քաղաքացիների իրավունքները: Օրաթերթի խնբագրականի որակմամբ՝ «Սա էլ պայքարի ձեւ է՝ սարսափեցնել ժողովրդին: Ընդ որում, ձեռք չտալով միտինգների կազմակերպիչներին՝ ժողովրդավարությունը խեղդողի պիտակին չարժանանալու համար»: Պատասխանատվության են ենթարկում բողոքի գործողություններին մասնակցած շարքային քաղաքացիներին, որոնք առավել անպաշտպան են:

Այս կրքերի մեջ տուժում են եւ ոչ անմիջական մասնակիցները: Օրերս խորհրդարանի մուտքի մոտ պատգամավոր Ծատուրյանին ուղեկցող նրա որդին է դարձել մի երեւույթի զոհ, որին անդրադառնալով «Հայոց Աշխարհ» թերթը կրկին վրդովված հարցեր է դնում. «Արդեն որերո՞րդ դեպքն է, երբ ուսադիրներ կրող մարդիկ, որոնք ներկայացնում են պետությունը, ծեծուջարդի են ենթարկում մարդկանց»: Չի բացառվում, որ երիտասարդն առաջինն է իրեն անպարկեշտ պահել, բայց «մի՞թե դա իրավունք է տալիս ուսադիրավոր մարդկանց ազատություն տալ ձեռքերին: Ասենք, երբ ներքին գործերի փոխնախարարն է փողոցում բոլորի աչքի առջեւ ձեռնամարտի բռնվում, ի՞նչ կարելի է սպասել շարքային ոստիկաններից», - եզրակացրել է մեկնաբանը:

Վերջին օրերի մեկ այլ միջադեպ, երբ «Օրինաց Երկիր» կուսակցությունից պատգամավոր Արամայիս Ալոյանը իրենց համայնքում վիճաբանության ժամանակ ատրճանակ է հանել ու կրակել, «Ազգ» թերթի մեկնաբանին մղել է հետեւյալ մտքերի. «Իշխանական խուլիգանությունը մեզ համար սովորական է դարձել։ Աջափնյակի նախորդ ընտրություններին տեղի ունեցած զինյալ ընդհարումները դաս չե՞ն եղել։ Նախընտրական կրքերն արդեն բորբոքվում են, եւ ոմանք ընդունելի են համարում քաղաքական պայքարի բոլոր, նույնիսկ ամենակեղտոտ ձեւերը։ Նախընտրական թեժ ժամանակներ են սպավում։ «Թեժ» ոչ թե բառի փոխաբերական, այլ ամենաուղիղ իմաստով»։

«Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը սկիզբ է դնում սկզբունքորեն նոր գործընթացների՝ ինչպես Հայաստան - Թուրքիա հարաբերություններում, այնպես էլ անդրկովկասյան ողջ տարածաշրջանում», - ընդգծում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Ռուսաստան - Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան - ՆԱՏՕ համագործակցության գործուն մեխանիզմների ձեւավորման փաստը... հարկադրում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային սկսել լուրջ միջպետական երկխոսություն, որը ոչ մի կապ չունի «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» շրջանակներում վերջին շրջանում իրականացված քարոզչական բնույթի շոուների հետ: Սակայն կողմերի ակնկալիքները երկխոսությունից դեռեւս գտնվում են տրամագծորեն հակադիր բեւեռներում», - արձանագրված է «Հայոց Աշխարհ»-ում: - «Բանակցային սեղանի վրա են դրված այն խնդիրները, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այս պայմաններում հայ դիվանագիտությունը զգում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աջակցության սուր կարիք՝ թուրքական ճնշումներին դիմակայելու համար... Դիմակայելն անհնար է լինելու առանց ներքին միասնության ամրապնդման եւ արտաքին քաղաքականության կտրուկ աշխուժացման»: «Նման պայմաններում», - առանձնացրել է մեկնաբանը, - «Հայաստան - Սփյուռք խորհրդաժողովն էլ դառնում է հարմար առիթ, որպեսզի մշակվեն եւ իրականացման մեջ դրվեն Սփյուռքը միավորող մի այնպիսի համահայկական կառույցի ձեւավորման աշխատակարգերը, որն իր վրա կվերցնի միջազգային բեմերում արեւմտահայության իրավունքները պաշտպանողի թեկուզ մի մասը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG