Մատչելիության հղումներ

Եռանախագահները «օգտակար» են գնահատում Շտիրինում ավարտված բանակցությունները


Չեխիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Շտիրին դղյակում այսօր ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ այդ խմբում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների առաջին եռօրյա հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը առաջ մղելու հնարավորությունները:

Նոր ֆորմատով անցկացված բանակցությունները, կողմերի պայմանավորվածությամբ, դռնփակ էին: Երկուշաբթի օրը, այդուհանդերձ, ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ «կողմերը տրամադրված են կառուցողաբար քննարկել օրակարգի բոլոր հարցերը»:

«Առաջին հանդիպմանը կողմերը օգտակար քննարկումներ ունեցան», - նշվում է Մինսկի խմբի եռանախագահների մամլո հաղորդագրության մեջ: - «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարները զեկուցելու են իրենց նախագահներին բանակցությունների արդյունքների մասին, որից հետո համաձայնեցվելու են նախագահների անձնական ներկայացուցիչների ապագա հանդիպումները»:

Կարելի է, փաստորեն, ենթադրել, որ Շտիրինում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում որեւէ առաջընթաց չի արձանագրվել:

Եթե ինչ-որ նոր զարգացումներ լինեն Ղարաբաղյան բանակցություններում, ինչը քիչ հավանական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար նախընտրական այս ժամանակաշրջանում, ապա դա կարող է լինել միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հերթական հանդիպումների ժամանակ: Իսկ այդ մասին առայժմ կոնկրետ պայմանավորվածություն չկա:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG