Մատչելիության հղումներ

Հայաստանը դեռեւս պաշտոնապես չի տեղեկացվել, թե կոնկրետ որ ընկերության վրա են տարածվելու պատժամիջոցները


Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ջորջ Բուշի վարչակազմը որոշել է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի այն ընկերությունների նկատմամբ, որոնք նպաստում են Իրանի կողմից զանգվածային ոչնչացման միջոցների ստեղծման ծրագրերի իրականացմանը:

«Պատժամիջոցները կիրառվելու են այն ընկերությունների եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք Իրանին են փոխանցել բազմակողմ արտահանման վերահսկողության ցանկում ընդգրկված սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ», - ասել էր Միացյալ Նահագների պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Բաուչերը: Բաուչերը չէր հրապարակել այդ ընկերությունների կամ իրավաբանական անձանց անունները կամ դրանց գործունեության բնույթը, ասելով, որ դրանք կտպագրվեն Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական տեղեկագրում:

Հայաստանի ղեկավարությունը առայժմ այդ մասին որեւէ տեղեկություն չունի: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրեն հայտնի՞ է արդյոք, թե հայաստանյան որ ընկերության մասին է խոսքը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Ոչ հայտնի չէ: Իրենք դեռ պաշտոնապես մեզ չեն տեղեկացրել դրա մասին»:

«Ցավոք սրտի, մենք դեռեւս տեղյակ չենք, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը: Ենթադրություններ չունեմ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի նույն հարցին, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Համենայնդեսպ, երբ մեզ տեղյակ պահեն, թե որ ձեռնարկության մասին է խոսքը, մենք հանգամանորեն այդ հարցը կուսումնասիրենք, որովհետեւ մենք նույնպես դեմ ենք, որպեսզի մասսայական ոչնչացման զենքը տարածվի ամբողջ աշխարհում»:

Որեւէ հայաստանյան ընկերություն մինչեւ այժմ ներգրավված չի եղել կասկածելի գործարքների մեջ Ջորջ Բուշի սահմանած «Չարիքի առանցքը» կազմող երկրների՝ Իրանի, Իրաքի կամ Հյուսիսային Կորեայի հետ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG