Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հետաձգում է ստորագրահավաքը





Նախագահի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնող պատգամավորները որոշեցին այսօր չսկսել այն: Ամենայն հավանականությամբ, Ազգային Ժողովի քարտուղարությունից նախաձեռնության պաշտոնաթերթիկը կվերցնեն վաղը:

Առնվազն 44 ստորագրություն հավաքելու համար կանոնակարգով նախատեսված 24 ժամը ուզում են արդյունավետ օգտագործել, ինչպես նաեւ ավելի լավ շոշափել հասարակության տրամադրությունն ու դրա ազդեցությունը պատգամավորների վրա:

Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսի հիմնավորումներով է բարձրացվելու պաշտոնանկության հարցը, ասաց. - «Նախագահը իր գործունեության ընթացքում բազմաթիվ Սահմանադրության կետեր է խախտել, օրենքների կետեր է խախտել»: Շավարշ Քոչարյանը դրանցից առանձնացրեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելը՝ կապված տասը տարվա ընթաքում Հայաստանի քաղաքացի հանդիսանալու եւ մշտապես Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքի հետ:

«Կհասնենք արդյունքի թե չէ, հասարակության լուրջ աջակցությունից է կախված», - ասաց Շավարշ Քոչարյանը: - «Էական է ինքնին փաստը՝ ցույց տալ, որ կան մարդիկ, որոնք դա չեն հանդուրժում, իսկ ավելին՝ հասնել, որ տեղի ունենա պաշտոնանկություն, կախված է ոչ միայն ստորագրող պատգամավորներից, այլեւ հասարակությունից»:

Այսօրվանից վճռական գործողությունների անցնելու մասին հայտարարած ընդդիմության հրավիրած հանրահավաքին եւ երթին մասնակցեց մոտ 1500 մարդ:

Երբ ցուցարարները հասաց Ազգային ժողովի շենքի մոտ, այնտեղ բազմաթիվ ոստիկաններ կային, սակայն որեւէ միջադեպ կամ ընդհարում տեղի չունեցավ:

«Կմիանա՞ն ստորագրահավաքին, թե՞ ոչ» հարցին «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նախ ասաց, թե այդ մյուսները պիտի իրենց միանան: «Համարեք, որ առաջինը ես եմ» - ավելացրեց նա:

Նույն խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության երկու պատգամավորները չեն շտապում տեսակետ հայտնել: «Թող պաշտոնապես սկսվի՝ նոր», - ասաց Հրանտ Խաչատրյանը: «Հայաստան» խմբից, ինչպես ասաց խմբի նախագահ Մյասնիկ Մալխասյանը, կմիանան «Հանրապետություն» կուսակցության 4 պատգամավորները, մյուսները՝ ոչ,

Հայկոմկուսից միացողներ լինելու են, բայց ամբողջ խմբակցությունը դեռ չի որոշել: Նախաձեռնությունը պաշտպանում են նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) յոթ պատգամավորները:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG