Մատչելիության հղումներ

Շտիրինի բանակցությունները շարունակվում են


Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների բանակցությունները: Բանակցությունները լրագրողների համար փակ են: Ինչպես եռանախագահները, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Մարգարյանն ու Ազիմովը հրաժարվում են մեկնաբանություններ տալ:

Այս հանդիպումը, թվում է թե, ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում. նախապատրաստում են ապագա բարձր մակարդակի հանդիպումների օրակարգը, քննարկում են փոխզիջումների հնարավոր սահմանները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կորցրել լավատեսությունը: Հակամարտությունը այս տարի կարգավորելու հույսը չեն կորցրել ո'չ Ռուսատանի նախագահ Պուտինը, ո'չ Միացյալ Նահանգների նախագահ Բուշը, ո'չ էլ Ֆրանսիայի նախագահ Շիրակը, ինչի մասին ասել են իրենց հրապարակային հայտարարություններում:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հայտարարություններում, սակայն, փոխզիջման մասին գրեթե չի խոսվում, իսկ եթե խոսվում է՝ միակ հակառակ կողմից զիջումների անհրաժեշտության մասին:

Ադրբեջանցիները պնդում են, թե հայերի ոչ կառուցողական դիրքորոշումն է խոչընդոտում բանակցությունների առաջընթացը, իսկ հայերը՝ թե ադրբեջանցիներն են խափանում գործընթացը՝ հրաժարվելով Փարիզի եւ Քի Ուեսթի պայմանավորվածություններից, մերժելով Լեռնային Ղարաբաղը ճանաչել իբրեւ բանակցային առանձին կողմ:

Հայաստանի նախագահը իր վերջին հայտարարություններում փաստորեն մերժեց «Դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ» բանաձեւը: Հայաստանյան կողմը ամենաբարձր մակարդակով պնդում է, որ Ղարաբաղի անկախության համար ստեղծվել են իրավական բոլոր հիմքերը:

Բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը միտված այդ նոր ֆորմատով՝ Ալիեւի եւ Քոչարյանի անձնական ներկայացուցիչների մասնակցությամբ, բանակցությունները, թերեւս, պիտի լրացնեն վտանգավոր բանակցային «վակուումը» մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը. նախընտրական շրջանում փոխզիջումների մասին խոսելը կընդլայնի ընդդիմության նշանադաշտը՝ քննադատության նոր թիրախ դարձնելով արտաքին քաղաքականությունը:

Առայժմ փորձագետների քաղաքական կանխատեսումները ենթադրում են, որ ինչպես Ալիեւը, այնպես էլ Քոչարյանը վերընտրվելու լավ շանսեր ունեն: Իսկ վերընտրությանը հաջորդող քաղաքական էյֆորիայի մթնոլորտում երկու նախագահները հեշտությամբ կարող են իրենց հնազանդ քաղաքական էլիտաներին պարտադրել դժվարին փոխզիջումների փաթեթը:

Շտիրինի հանդիպումը կավարտվի վաղը, եւ չի բացառվում, որ եռանախագահները հանդես գան հայտարարությամբ: Չի բացառվում նաեւ, որ հանդիպման ավարտին տեղի ունենա մամլո ասուլիս:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG