Մատչելիության հղումներ

Երեք նախարարները հանդիպելու են վաղը


Ինչպես Ռեյկյավիկից հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա վաղը երեկոյան:

Ռեյկյավիկում այսօր բացվել է Եվրատլանտյան գործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր առավոտյան Իսլանդիայի մայրաքաղաք է ժամանել Մոսկվայից՝ ռուսաստանցի իր պաշտոնակից Իգոր Իվանովի հետ նույն ինքնաթիռով:

Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հանդիպման նախաձեռնությունը Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմինն է: Վերջինիս խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային հարցեր: Խոսնակը դժվարացավ ասել, թե ինչ արդյունք կարող է տալ հանդիպումը:

Ինչպես ենթադրում է թուրքական մամուլը, Իսմայիլ Ջեմը պնդելու է, որ տարածաշրջանի երկրները՝ թեկուզ աշխարհագրական դիրքի թելադրանքով, պետք է գործակցեն, մանավանդ՝ ահաբեկչության դեմ պայքարում: Ըստ թուրքական թերթերի, եթե նույնիսկ հանդիպումը արդյունք չտա, թուրք նախարարը փորձելու է համոզել իր հայ գործընկերոջը, որ նման հանդիպումները շարունակվեն:

«Թըրքիշ դեյլի նյուս» թերթը պնդում է, որ թուրք-հայկական կապեր հաստատելու փորձ է արվել դեռեւս 2001 թվականի սկզբին, երբ Թուրքիայի արտգործնախարարությունը երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման կոնկրետ ծրագիր էր մշակել, սակայն ամեն ինչ խափանվեց հունվարի վերջին, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: «Մտածելով Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին, թուրք դիվանագետները մի մտավախություն ունեին՝ ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանը», - գրում է «Թրքիշ դեյլի նյուս»-ը:

Մեկնաբանները ենթադրում են, որ նշված մտահոգությունն է խթան հանդիսացել, որպեսզի Իսմայիլ Ջեմը, որը Նյու Յորքում արդեն մեկ հանդիպում ունեցել է Վարդան Օսկանյանի հետ, այս անգամ հրավիրի նաեւ Վիլայաթ Գուլիեւին:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպումը Ռեյկյավիկում պատմական փաստաթուղթ է մշակելու, որն, ինչպես նշեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը, «թույլ կտա Ռուսաստանին «որպես 20-րդ հավասար» նստել ՆԱՏՕ-ի անդամների կողքին»:

Վերլուծաբանների կարծիքով, որքան մերձենան ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը, այնքան Հայաստանի համար ավելի հեշտ կլինի կոմպլեմենտար (փոխլրացնող) քաղաքականություն վարելը: Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ Հայաստանի համար նաեւ շատ կարեւոր է, որ այդ պայմանագրի առանցքային մասնակից Ռուսաստանը սերտ կապեր ունենա ՆԱՏՕ-ի հետ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG