Մատչելիության հղումներ




Այսօր Չեխիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Շտիրին դղյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ այդ խմբում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչները սկսեցին քննարկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը առաջ մղելու հնարավորությունները:

Բանակցությունների այս նոր ֆորմատի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել եռանախագահների՝ մարտ ամսին կատարած տարածաշրջանային այցի ժամանակ: Այս բանակցությունները չեն փոխարինելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի երկխոսությանը. դրանց նպատակը բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելն ու այն ավելի արդյունավետ դարձնելն է:

Մինսկի խմբի համանախագահներ Ռուդոլֆ Պերինան (Միացյալ Նահագներ), Ֆիլիպ Սյուրմենը (Ֆրանսիա) եւ Նիկոլայ Գրիբկովը (Ռուսաստան) հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանին եւ Արազ Ազիմովին: Ընթացող բանակցությունները դռնփակ են:

Այդուհանդերձ, ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը համաձայնեց «Ազատություն» ռադիոկայանի համար մեկնաբանել Պրահայի բանակցությունների առաջին օրը:

«Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Քոչարյանի հետ հանդիպումների ընթացքում մենք պայմանավորվեցինք ստեղծել մշտական գործող բանակցային մի կառույց՝ նախագահների անձնական ներկայացուցիչների մակարդակով», - ասաց ռուս դիվանագետը: - «Այս բանակցությունները անցկացվելու են 2-3 ամիսը մեկ անգամ՝ Մինսկի եռյակի նախագահությամբ»:

Բանակցությունների օրակարգում են բոլոր այն հարցերը, որոնք երկու երկրների նախագահները հանձնարարել են իրենց ներկայացուցիչներին:

«Առայժմ դժվարանում եմ ասել, թե ինչպես կավարտվի ներկա հանդիպումը», - ասաց Գրիբկովը: - «Բանակցությունների սկիզբը հուսադրող է: Կարծում եմ, կողմերը տրամադրված են կառուցողաբար քննարկել օրակարգի բոլոր հարցերը»:

Լեռնային Ղարաբաղում, սակայն, այդքան լավատեսորեն չեն տրամադրված:

«ԼՂՀ արտգործնախարարությունը ուշադրությամբ հետեւում է Պրահայում սկսված բանակցություններին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախարարության լրատվակլան ծառայության ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանը: - «Ղարաբաղյան կողմը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նեկայացուցիչների հանդիպումից առանձին սպասելիքներ չունի»:

Տեղի փորձագետնարը համոզված են, որ բանակցային գործընթացում առաջընթաց կլինի միայն այն դեպքում, երբ Բաքուն փոխի իր կարծրացած դիրքորոշումը:

«Ներկա պարագայում համանախագահները պետք է օգտագործեն իրենց ողջ հեղինակությունը, որպեսզի ներգործեն Ադրբեջանի վրա: Եթե Լեռնային Ղարաբաղը որպես լիիրավ կողմ չմասնակցի բանակցություններին, ապա շատ դժվար կլինի իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց Լեոնիդ Մարտիրոսյանը:

Բանակցությունները կշարունակվեն եւս երկու օր:


Հրայր Թամրազյան, Պրահա եւ Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG