Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը մեծ նշանակություն է տալիս վաղվա հանրահավաքին


Ընդդիմության նախորդ՝ ուրբաթ օրը կայացած հանրավաքում հայտարարվեց, որ հաջորդ՝ մայիսի 14-ին կայանալիք հանրահավաքում դիմելու են վճռական գործողությունների: Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Ազգային Ժողով՝ պահանջելու, որ պատգամավորները նախագահի պաշտոնանկման հարց բարձրացնեն:

Երեւանում տարածվում են վաղվա հանրահավաքի հրավեր-թռուցիկներ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայրենակիցներ: Հասել է վճռական գործողությունների պահը: Իշխող վարչախմբի դիրքերը սասանված են: Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա: Մասնակցեք մայիսի 14-ին, ժամը 15-ին Ազատություն հրապարակում կայանալիք հանրավաքին»:

Ընդդիմությունը նաեւ որոշել է միայն հանրահավաքներով չբավարարվել: Ուրբաթ օրվանից Ազատության հրապարակում նստացույց է անցկացվում, ամեն երեկո ցուցադրվում է «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-ֆե» լրատվական ծրագիրը: Այսօր նստացուցարարները մոտ 30 հոգի էին:

Նստացույցի պատասխանատու, Շավարշ Քոչարյանի գլխավորած Աժգային ժողովրդավարական կուսակցության անդամ Դուստրիկ Մխիթարյանի ասելով, նստացույցը դա իրենց սահմանադրական իրավունքն է, «բողոքի ձեւերից մեկը այս վարչախմբի դեմ»:

«Եթե մեր ժողովուրդը մեր կողքին է, մեր ժողովուրդը մեզ սատար է կանգնում, մենք էլ պետք է կանգնենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Արշակ Գալստյանը: - «Այս երկրի տերը մենք բոլորս ենք»:

Իսկ Ազգային ժողովում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին հայտարարած քաղաքական ուժերը այսօր չէին շտապում: Պատճառը, թերեւս, այն է, որ խորհրդարանի նոր կանոնակարգով անհրաժեշտ առնվազն 44 ստորագրությունը հարկավոր է հավաքել 24 ժամվա ընթացքում: Ամենայն հավանականությամբ, ստորագրահավաքի պաշտոնական գործընթացը կսկսվի վաղը, երբ Ազգային Ժողովի շենքի մոտ կհավաքվի այս առիթով հրավիրված հանրությունը: Նախաձեռնողները նաեւ դեռեւս չեն որոշակիացնում, թե ինչ ձեւակերպումով է լինելու պաշտոնանկության պահանջը:

Հանրապետության նախագահը, ըստ սահմանադրության, պաշտոնանկ է արվում պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործություն կատարելու համար: Ընթացակարգը հետեւյալն է. նախ, անհրաժեշտ թվով ստորագրություններով հարցը քննարկման է դրվում է Ազգային Ժողովում, ինչի ավարտին առնվազն 66 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, որպեսզի հարցը մտնի Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու: Դրական եզրակացությունից հետո Ազգային Ժողովը նախագահին պաշտոնանկելու որոշում է ընդունում առնվազն 88 ձայնով:

Հայաստանում դեռեւս չի եղել, որ նախագահի պաշտոնանկության հարցը նախնական՝ ստորագրահավաքի փուլից այն կողմ անցնի:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG