Մատչելիության հղումներ

logo-print

Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է ՀԱՊ-ի հոբելյանական նստաշրջանին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) հոբելյանական նստաշրջանին: Պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Վաղը կայանալիք նստաշրջանում քննարկվելու է հարցերի լայն շրջանական, այդ թվում՝ ՀԱՊ-ին միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ շնորհելու, Հավաքական անվտանգության համակարգի միջպետական շտաբային մարմին ստեղծելու, մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Արագ ծավալման հավաքական ուժերի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Այսօր իսկ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները հաստատեցին Հավաքական անվտանգության խորհրդի վաղվա նիստի օրակարգը:

Հավաքական անվտանգության պայմանագիրը սահմանում է մասնակից պետությունների համագործակցությունը քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական եւ ռազմագիտական ոլորտներում:

Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին, Տաշքենդում: Հիմնադիր անդամներն են Հայաստանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: 1993 թ. ընթացքում պայմանագրին, որն ուժի մեջ է մտել 1994 թ. ապրիլի 20-ին, միացել են Ադրբեջանը, Վրաստանը եւ Բելառուսը: 1999 թ. ապրիլի 2-ի Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը ստորագրել են Արձանագրություն՝ ՀԱՊ-ի գործունեությունը 5 տարով երկարաձգելու վերաբերյալ: Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը հրաժարվեցին երկարաձգել այն:

Ընդհանուր սահման չունենալով պայմանագրին միացած մյուս երկրների հետ, Հայաստանը, այնուամենայնիվ, իր անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը համարում է այդ պայմանագիրը ու հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: Հայաստանում բավականին հզոր հակաօդային պաշտպանության համակարգ կա, ներառյալ Ս-300 տիպի հրթիռային համակարգեր: Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը՝ մոտ 3,5 հազար զինծառայողներով: Մի քանի հազար ռուս սահմանապահներ հսկում են Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Իրանի հետ:

ՀԱՊ-ի նախորդ՝ անցյալ տարի մայիսին Երեւանում անցկացված նստաշրջանում Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել էր այդ կառույցի նախագահությունը: Այս նստաշրջանում նախագահությունն անցնելու մասնակից մեկ այլ երկրի:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG