Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթում այսօր կրկին շեշտադրվում է. «Նախագահ Քոչարյանի վարչախումբը գերագնահատել էր իր եւ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսի ուժը: «Ա1+» հեռուստաընկերության փակումը, թերեւս, ճակատագրական է լինելու իշխող ռեժիմի համար... Հասարակական շարժումը բնականոն հունով վերափոխվեց իշխող ռեժիմից անհապաղ ազատվելու պահանջի»: Ըստ «Առավոտ»-ի՝ «Հակառակ սպասումների՝ երեկ Ազատության հրապարակում 13 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավելի բազմամարդ էր, քան նախորդ անգամ»:

«Գոլոս Արմենիի» թերթի մատուցմամբ, ընդհակառակը, հանրահավաքի մասնակիցների թիվը նախորդներից կրկնակի պակաս էր, եւ ընդհանրապես՝ բնավ չէին բավարարվել նրանց ակնկալիքները, ովքեր նախանշում էին, թե մայիսի 10-ի վճռական հանրահավաքով հուժկու-հեղափոխական ալիք է բարձրանալու: «Երեկ Ազատության հրապարակում անկազմակերպ անզորության ու նորարարության անկարողության հերթական հայտնությունն էր միայն», - ձեւակերպել է մեկնաբանը: «Թունդ ընդդիմադիր կազմակերպությունների հրավիրած հերթական ներկայացումը ցույց տվեց, որ միտինգային գործելաոճը աստիճանաբար սպառում է իրեն, եթե արդեն վերջնականապես չի սպառել», - իր հերթին սահմանում է «Հայոց Աշխարհ» թերթը, ավելացնելով. - «Միտինգային զարգացումներին հետեւող դիտորդների համոզմամբ, հանրահավաքային ալիքի անկման պատճառով դրա կազմակերպիչների շարքերում լուրջ տարաձայնություններ են նկատվում, եւ շուտով յոթնյակը կարող է վեցյակ կամ հնգյակ դառնալ»:

Որպես մեկ այլ ուշագրավ դրսեւորում էլ «Հայոց Աշխարհ»-ում առանձնացված է. «Քաջատեղյակ աղբյուրների համոզմամբ, բացառված չէ, որ արմատական ընդդիմության միասնական թեկնածուի դերում փորձի հանդես գալ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը»: Երեկվա իր ելույթով նա հասկացրեց, որ միասնական թեկնածու դառնալու իր հավակնությունների մասին խոսակցությունները լուրջ հիմքեր ունեն:

Անցնող շաբաթվա վերլուծականում «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը նշում է. «Նախընտրական պայքարը եւ ընդհանրապես ընտրությունների գաղափարը վարկաբեկելու ցցուն օրինակ էր նախորդ կիրակի կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններից հետո բարձրացած աննախադեպ աղմուկ-աղաղակի ու փոխադարձ մեղադրանքների ալիքը: Ամենամեծ զավեշտն այն է, որ այս անգամ եւս ընտրությունների գաղափարը վարկաբեկեցին հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչները, քանզի եւ' գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, եւ' նրա մրցակից Գերասիմ Իսրայելյանը ընտրապայքարի ընթացքում հավասարապես օգտագործեցին իշխանական լծակները, ինչի հետեւանքով Տավուշի մարզում սկիզբ առավ ոչ թե տարբեր կուսակցությունների, այլ իշխանության տարբեր օղակների դաժան ու անզիջում պայքար»: Ազգային ժողովում էլ Հանրապետական կուսակցության ղեկավարների տարօրինակ պահվածքը ասպարեզ է նետել նախագահ - վարչապետ տարաձայնությունների մասին եւս մեկ վարկած, - ամրագրված է վերլուծականում:

«Ազգ» թերթում այսօր մի առանձին էջ է հատկացված վարչապետ Մարգարյանի երկամյա գործունեության բերած ընթացիկ ու հեռանկարային պտուղների արժեվորմանը: «Նպատակային, ծրագրված աշխատանքը շարունակվում է» վերնագրի տակ հասկացվում է, որ նա դեռ մեծ ուղի անցնելու առաքելություն ունի: «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակցի՝ «Վարչապետությունը Անդրանիկ մարդուն ի՞նչ տվեց եւ ի՞նչ տարավ» հարցին նա պատասխանել է. - «Մեծ փորձառություն, համբերություն, դիմացինին լսելու կարողություն տվեց: Ինչ տարա՞վ՝ առողջությունս, բայց դեռ «պահեստային» ունեմ»: Վարչապետի մեկ օրվան հետեւած թղթակիցը արձանագրում է անընդհատ լարումներով լի 14-ժամյա աշխատանք՝ առանց ընդմիջման, ընդամենը երեք բաժակ սուրճով ու անընդհատ ծխելով: «Նորմալ ռեժիմով կապրեի: Երեխաներիս, թոռնիկներիս հետ կզբաղվեի, գիրք կկարդայի, կքնեի, օրը երկու անգամ գոնե հաց կուտեի», - չունեցած հանգստյան օրերն այսպես է պատկերացնում Անդրանիկ Մարգարյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG