Մատչելիության հղումներ




Ընդդիմադիր 13 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքների շարքը շարունակող այսօրվա հանրահավաքում արդեն բոլոր ելույթներում պահանջվում էր գործող նախագահի հրաժարականը: Դեպի Ազգային ժողով եւ նախագահի նստավայր կատարած երթից հետո հանրահավաքականները վերադարձան Ազատության հրապարակ, ուր տեղադրված հատուկ էկրանին ցուցադրվեցին «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լրատվական ծառայության թողարկումներն ու «Մամուլի տեսություն»-ը:

Հանրահավաքների այս ալիքը, որ սկսվեց ի պաշտպանություն իր զբաղեցրած կապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերության՝ վերջինս վերաբացելու պահանջով, արդեն լիովին քաղաքականացվել է:

Աշոտ Մանուչարյանի ձեւակերպմամբ, ցանկացած ծրագրի առաջին կետը պետք է հետեւյալը լինի. «Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա»:

«Համոզված եմ, որ միասնաբար հասնելու ենք մեր նպատակին, ազատվելու ենք ոչ միայն նախագահից, այլեւ ամբողջ վարչախմբից՝ կառավարությունից, Ազգային ժողովի ղեկավարությունից եւ, այսպես կոչված, մեծամասնությունից», - իր ելույթում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության քարտուղար, պատգամավոր Ստեփան Զաքարյանը:

Առաջին անգամ ապրիլի սկզբից սկսված հանրահավաքներում ելույթ ունեցավ նախաձեռնող կուսակցություններից մեկի՝ Հայաստանի ժողովրդավարական միություն (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը:

Իր ելույթում նա ասաց, թե «Ռոբերտ Քոչարյանը չի մնալու»: «Բայց միայն դրանով հարցը չի լուծվում», - շարունակեց նա: - «Ովքե՞ր են գալու. Խոսքը անձերի մասին չէ: Ո՞նց են երկիրը կառավարելու»: Նրա խոսքերով, ընդդիմադիր կուսակցությունները պետք է ստեղծեն թիմ, որը հստակ ծրագրեր պիտի ունենա:

«Ասել, թե այս իշխանությանը այլընտրանք չկա, նույնն է՝ ասել, թե այլընտրանք չկա անօրինականություններին, այլընտրանք չկա ամենաթողությանը, համատարած կոռուպցիային, կամայականություններին, բարոյական դեգրադացիային», - իր ելույթում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Այսօր հենց հակասարակությունն է պահանջում այդ այլընտրանքը»:

Հանրահավաքում հայտարարվեց, որ կազմակերպիչ բոլոր կուսակցությունների ղեկավարները հանրահավաքի նախօրեին ծանուցագրեր էին ստացել դատախազությունից: Նրանց հրավիրելու նպատակը, թերեւս, եւս մեկ անգամ պաշտոնապես զգուշացնել էր, որ երթերը անօրինական են անցկացվում:

Ընդդիմության ղեկավարների ճնշող մեծամասնությունը չի գնացել դատախազություն: «Դատախազությանը լրացուցիչ պարզաբանումներ տալու անհրաժեշտություն չենք տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը: - «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու ազատությունը ամրագրված է Սահմանադրության մեջ»:

Դեպի Ազգային ժողով եւ նախագահի նստավայր կատարած երթից հետո հանրահավաքականները վերադարձան Ազատության հրապարակ, ուր հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու երեքշաբթի: Ծրագրվում է երթով գնալ դեպի Ազգային ժողով՝ պատգամավորներից պահանջելու, որ շարունակեն նախագահի պաշտոնանկման գործընթացը: Հայտարարվեց նաեւ, որ հաջորդ՝ չորեքշաբթի օրը եւս շրջափակելու են Ազգային ժողովի շենքը:

«Մենք խնդիր ունենք Ազգային ժողովում», - ասաց Բազեյանը.- «Այս ճանապարհը եթե մեզ չբերեց հաջողության, մեզ մնում է մեկ ճանապարհ՝ համընդհանուր, համաժողովրդական անհնազանդություն գործող վարչախմբին»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG