Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Առաջիկա երեք ընտրությունները կանցկացնի նոր ընտրական հանձնաժողովը»


Թեեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող օրինագիծը միայն առաջին ընթերցմամբ է ընդունվել, այն էլ՝ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կազմավորմանը վերաբերող 23-րդ՝ առանցքային հոդվածի, Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ուրբաթ օրը հայտարարեց, թե ԿԸՀ-ն եւ, համապատասխանաբար՝ բոլոր ընտրական հանձնաժողովները այս անգամ, ըստ ընդունվելիք միջանկյալ դրույթի, կձեւավորվեն օրենքն ընդունելուց անմիջապես հետո՝ ամռանը, եւ «հենց այդ հանձնաժողովն էլ կանցկացնի առաջիկա երեք ընտրությունները»:

23-֊րդ հոդվածում, որն անպայման ներկայացվելու է երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը, այսպիսի կետ կա. «Նոր Կենտրոնական Ընտրական Հաձնաժողովը կազմավորվում է Ազգային Ժողովի ընտրություններից հետո 40-֊րդ օրը»:

Այդ դեպքում, նոր ընտրական հանձնաժողովները պիտի ձեւավորվեին այս աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման, 2003-֊ի փետրվարին կայանալիք նախագահի եւ մայիսին կայանալիք՝ խորհրդարանական ընտրություններից հետո միայն:

Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն, այսօր ասաց, որ հեղինակները պնդելու են, որպեսզի սկզբունքը, որ ԿԸՀ-ն, համապատասխանաբար՝ բոլոր ընտրական հանձնաժողովները, ձեւավորվում են Ազգային Ժողովի ընտրություններից հետո եւ ոչ թե առաջ, ինչպես գործող օրենքում է, ընդգրված լինի Ընտրական օրենսգրքում. միջազգային փորձագետներն են նշել դրա անհրաժեշտությունը:

Տիգրան Թորոսյանն էլ դա ճիշտ սկզբունք է համարում, բայց կլինի միջանկյալ դրույթ, որով այս անգամ դրանք կձեւավորվեն օրենքն ընդունելուց անմիջապես հետո՝ ամռանը, եւ «հենց այդ հանձնաժողովն էլ կանցկացնի առաջիկա երեք ընտրությունները»:

23-րդ հոդվածի մյուս կետերը կունենան մոտավորապես այսպիսի տեսք. «Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում (իմա՝ մնացած բոլորում) երեքական անդամ է նշանակում հանրապետության նախագահը, մյուս անդամներին՝ մեկական, նշանակում են Ազգային Ժողովում ներկայացված ուժերը»: Գործող օրենսգրքով՝ դրանք կուսակցություններն են, առաջարկվող փոփոխությամբ՝ խմբակցությունները: Նման փոփոխության տրամաբանությամբ, հանձնաժողովներում խորհրդարանական ուժերի անդամներն ավելի քիչ կլինեն, քան եթե լիներ կուսակցությունների դեպքում:

Այս փոփոխությունը Տիգրան Թորոսյանը քննարկման ենթակա համարում է՝ եթե առաջարկներ լինեն: «Ինքս ավելի հակված եմ այն բանին, որ ճիշտ կլինի, որ կուսակցությունները լինեն», - ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը քննարկման ենթակա չի համարում, սակայն, խորհրդարանում չներկայացված կուսակցությունների՝ հանձնաժողովների անդամ նշանակել իրավունքը: Սրանով էլ քաղաքական ուժերի նշանակած անդամների թիվը հանձնաժողովներում պակասում է: Գործող օրենքում ստորագրությունների անհրաժեշտ քանակ հավաքած հինգ կուսակցությունների նման իրավունք տրվում է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG