Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նկատի ունենալով պաշտոնական մամուլում վարչապետ Մարգարյանի երկու տարվա գործունեության ներկայացումը «Արմենպրես»-ի աչքերով, «Առավոտ»-ի խմբագրականը հեգնում է. «Ի՜նչ լավ է, որ ունենք պաշտոնական մամուլ։ Հակառակ դեպքում՝ էլ ո՞վ կարող էր հիշել այնպիսի դարակազմիկ հոբելյան, որպիսին է Անդրանիկ Մարգարյանի վարչպետության երկու տարին... Պաշտոնական լրատվամիջոցներից մենք վերջապես իմացանք, թե ինչով է զբաղվել վարչապետը: Պարզվում է՝ մարդը քրտնաջան աշխատել է, ամիսը մեկ մի բան է ասել, իսկ մենք դրա մասին չգիտեինք: Այսպես. 2001 թ. հունիսի 9-ին Գարեգին Նժդեհին նվիրված գիտական նստաշրջանի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նա նկատել է, որ Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունն անբաժան են Հայաստանի պատմությունից, մեր ներկա ու ապագա պայքարից։ Սեպտեմբերի 21-ին եւս անխոնջ վարչապետը՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորելով ավելի քան 50 նախկին քաղբանտարկյալների՝ իր երախտագիտությունն է հայտնել նրանց պայքարի ու հավատարմության համար: Իրենց կուսակցության համագումարում էլ մեր վարչապետը նկատել է, որ «Հանրապետական կուսակցությունը երբեք չի կտրվել իր արմատներից» («Առավոտ»)։

«Ինչ խոսք, մեջբերված մտքերը հանճարեղ են իրենց ոգով ու բովանդակությամբ: Եվ միայն դրանց համար արժե, որ ՀՀ թեկուզ 10-րդ վարչապետը հավերժանա պատմության եւ երախտագետ սերունդների հիշողության մեջ», - ամփոփել է «Առավոտ»-ը։ - «Հավանաբար, պաշտոնական քարոզչությունն ուզում է մեզ գլխի գցել, որ Անդրանիկ Մարգարյանը կհիշվի իմաստնության այս պատառիկներով: Իսկ մեր հանրապետությունում մնացած բոլոր ձեռքբերումները բացառապես նախագահ Քոչարյանի մենաշնորհն են»:

Իր հերթին մատուցելով Անդրանիկ Մարգարյանի կառավարության երկու տարին, «Ժամանակ» թերթի մեկնաբանը նախ նշում է. «Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ կառավարությունում ազդեցիկ դիրք գրավող մի քանի նախարարների երկակի, հաճախ էլ՝ եռակի քաղաքական «տրյուկների» արդյունքում ոչ միայն գործադիր իշխանությունն էր դադարել միասնական թիմ լինելուց, այլեւ անվստահության ու թշնամանքի մթնոլորտ էր ձեւավորվել մի կողմից՝ նախագահի, մյուս կողմից՝ Ազգային ժողովի հետ հարաբերություններում»: «Քաղաքական պայքարի խութերի ու դարանակալ վայրիվերումների միջով անցած գործիչը», - ինչպես Անդրանիկ Մարգարյանին է բնորոշել մեկնաբանը, - «հատկապես հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ինքն իր համար վերջնականապես ճշգրտել էր մեկ բան. մարտնչող թշնամանքով ու կույր ատելությամբ երկիր ու ժողովուրդ չես պահի, պետություն չես կայացնի, ազգընտիր իշխանություն չես դառնա»: Եվ մինչ «ընդդիմադիրներն արդեն երկու տարի իրենց եռանդն են անպտուղ վատնում իշխանություններին միմյանց դեմ հանելու համար, գործադիր իշխանությունը, ժողովրդական խոսքով ասած, գլուխը կախ ու առանց ավելորդ շառլատանության՝ իր ամենօրյա գործին է... Ինչ վերաբերում է կառավարության հասցեին ընդդիմության հնչեցրած քննադատությանը, Անդրանիկ Մարգարյանը եղել եւ մնում է այն կարծիքին, որ նախագահ - վարչապետ հարաբերությունները, քաղաքական նկատառումներով, շատերն են ցանկանում արհեստականորեն սրել, եւ այդ նպատակով տարբեր սցենարներ են «գրվում»: «Նախագահի վրա հարձակվելով, ինփիչմենթ պահանջելով՝ միտումնավոր շրջանցում են վարչապետին կամ էլ՝ հակառակը: Դա էլ մարտավարություն է՝ ինձ իրենց կողմը գրավելու ակնկալիքով», - ասում է նա: - «Նույնը արվում է վարչապետ - Սերժ Սարգսյան, մինչեւ անգամ՝ Քոչարյան - Սարգսյան հարաբերություններում սեպ խրելու համար: Իբր Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահ դառնալ, իբր ընդդիմադիր դաշտում նա իր թիմն ունի, ես՝ իմ»:

«Գնալով ավելի ու ավելի է սրվում 14 ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ (առաջիկա հանրահավաքն ու երթն անցնելու են Քոչարյանի վարչախմբի հեռացման կարգախոսով), իսկ իշխանական ճամբարում աստիճանաբար ի հայտ են գալիս գործընթացներ, որոնք բացահայտում են այդ ճամբարի, մեղմ ասած, ոչ մոնոլիտ լինելը», - արձանագրում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ աչքի առաջ ունենալով, մասնավորապես, Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկությունների պատկերը: Հիշեցնելով տարեսկզբի որոշ ենթադրություններ, թե մայիսին վարչապետափոխության հարց է կրկին դրվելու, մեկնաբանը բխեցրել է. «Բնականաբար, վարչապետը չի կարող հիացած լինել «թոշակի գնալու» հնարավոր հեռանկարով, ինչը նրան չի կարող չմղել դիմադրության որոշակի ստվերային եւ հրապարակային դրսեւորումների: Եթե դրան ավելացնենք, որ, ըստ որոշ աղբյուրների, նախագահի ու պաշտպանության նախարարի փոխհարաբերություններն էլ այդքան փայլուն չեն, ապա պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կա'մ ամուր երաշխիքներ տա վարչապետին, կա'մ կտրուկ քայլեր ձեռնարկի»: Ընդհանուր առմամբ, «Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով՝ «Հայաստանի ներքաղաքական անորոշությունն աստիճանաբար մոտենում է իր գագաթնակետին: Իսկ դա նշանակում է, որ ամռան սկզբներին պետք է երեւա նաեւ այդ անորոշության հանգուցալուծումը: Հավանաբար, այդ ժամանակ կստանանք կարեւորագույն հարցի պատասխանը. արդյո՞ք ուժի միակ կենտրոնը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանն է, թե՞ լինելու են նաեւ այլ կենտրոններ»:

«Որքան մոտենում են Հայաստան - Սփյուռք երկրորդ համահայկական խորհրդաժողովի օրերը, այնքան ուժեղանում է անցյալի դառը փորձից բխող մեր անհանգստությունն ու տագնապը: Մի՞թե նման կարեւոր միջոցառումը հերթական արգամ կվերածվի վերացական ու անբովանդակ հայրենասիրական ճառերի, հայրենիքի կարոտն առնելու ու վերստին ամեն ինչ նախկին վիճակում թողնելու ծանոթ ու տաղտկալի արարողության: Մենք չենք հաղթահարել դեռեւս խորհրդային ժամանակներում ձեւավորված կաղապարները՝ հայկական սփյուռքի եւ նրա քաղաքական ու տնտեսական կարողականության վերաբերյալ», - ընդգծվում է «Հայոց Աշխարհ» թերթում: - «Դրանք ցայսօր թույլ չեն տվել մեզ պարզել ու հստակեցնել հիմնական հարցը. ի՞նչ կարող էր ու դեռեւս կարող է տալ Սփյուռքը անկախ Հայաստանին, որն այդպես էլ չի տվել անցած տասնամյակի ընթացքում եւ միաժամանակ՝ ի՞նչ կարող է տալ անկախ Հայաստանը Սփյուռքին... Սփյուռքի, որպես արտասահմանում բնակվող հարուստ ազգականների մասին մեր պատկերացումները վաղուց արդեն սպառել են իրենց: Սպառվել է նաեւ հայության զույգ հատվածների փոխվստահության բարոյական ռեսուրսը»: Կողմերը վերջապես պիտի ներկայանան տնտեսապես փոխշահավետ միջավայրի ստեղծման հիման վրա իրատեսական ու հստակ ծրագրերով:

«Երկիր» թերթում էլ այսօր տեսակետ է ներկայացվում, ըստ որի՝ Հայաստան - Սփյուռք հարաբերություններում իրոք արդյունավետ ճանապարհ դուրս գալու համար պետք է որպես բանակցող կողմ Սփյուռքն էլ ունենա ընդհանուր ղեկավարություն: «Եթե համասփյուռքյան ղեկավարությունը բացակայում է, ուրեմն բացակայում է նաեւ համասփյուռքյան ռազմավարությունը, եւ», - օրինակներ է բերում դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանը, - «Սփյուռքն այն վիճակում է հայտնվում, որ ամերիկահայությունը լոբբիստական աշխատանք է տանում «հայ-թուրքական հաշտության բանակցություններ» վարելու համար, իսկ եվրոպացիները դրան դեմ են: Եվրոպացիները կողմնակից են արեւմտյան ժողովրդավարությանը, իսկ Իրանի եւ արաբական աշխարհի հայությունը դրան հակառակ է»: Թե գործնականում ինչպես կարող է ձեւավորվել միասնական ղեկավարություն ու ռազմավարություն՝ թերեւս ամենաբարդ հարցն է, մանավանդ տեսակետի հեղինակն էլ նշում է. - «Ձայների մեծամասնությամբ ճշմարտություններ չեն որոշվում. կարծիք արտահայտելու ազատությունը հասարակական կարծիք չի ստեղծում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG