Մատչելիության հղումներ

Նշվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը





Մայիսի 9-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում նախկին Հաղթանակի օրը նշվեց նոր անվանմամբ՝ Հաղթանակի եւ խաղաղության տոն: Հայաստանում այսօր նշվեցին նաեւ Շուշիի ազատագրման եւ Լեռնային Ղարաբաղի բանակի ստեղծման տասնամյա հոբելյանները:

Տասնյակ հազարավոր մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ Ռուսաստանի զինվորականներ, հոգեւորականներ, պատերազմի վետերաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայողներ ծաղկեպսակներով ու ծաղկեփնջերով շուրջկալեցին Անհայտ զինվորի հուշարձանի հավերժական կրակը, որի գլխամասում տեղադրված էին Հայաստանի, Ռուսաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշները:

«Մայր Հայաստան» արձանի տակ զինվորական երթով ծածանվեցին նաեւ Թամանյան 89֊-րդ դիվիզիայի մարտական դրոշները:

«Հայկական դիվիզիայի դրոշը Սեւաստոպոլից մինչեւ Բեռլին եմ հասցրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թամանյան դիվիզիայի դրոշակակիր Սուրեն Մարգարյանը: - «Եվ այդտեղ քոչարի պարեցինք»:

Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 9-֊ի տոների մեջ թե' ընդհանրություն, թե' տարբերություն է տեսնում: Ընդհանուրն այն է, որ «կռվել են հայրերը, կռվել են որդիները»: Իսկ տարբերությունը, նրա կարծիքով, հետեւյալն է. - «Սկսած Վարդանանց պատերազմից, կարծես թե, ազգին տոգորել էին, որ միակ լավագույն վիճակը նա է, որ այս ազգը պիտի պայքարի իր գոյության համար, գոյության կռիվ պիտի տա: Փառք Աստծո, ժամանակները փոխվեցին, եւ մենք արդեն սկսեցինք հաղթանակի պատերազմներ տալ»:

Հայրենական պատերազմի վետերաններն իրենց աշխարհայացքի մեջ հիմնականում անդրդվելի են: «Մեր թիկունքում հզոր պետություն էր կանգնած», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը: - «Հիմա էլի Ռուսաստանն է կանգնած մեր թիկունքում: Մենք դաշնակիցներ ենք»:

Ինչ վերաբերում է մեր պետությանը՝ «Լավ պետություն չի սա մեզ՝ վետերաններիս համար: Ես առաջ ավելի լավ երկիր ունեի, քան հիմա»:

Կար նաեւ այսպիսի կարծիք. - «Ես զգում եմ, որ Հայաստանի ապագան լավ կլինի», եւ եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, վետերանները պատրաստ են կրկին պաշտպանելու հայրենիքը:

Տոների առիթով շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG