Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Խտացնելով Երկրապահի օրվա երեկվա հանդիսությունների տրամադրությունը, «Առավոտ»-ի մեկնաբանը նշում է. «Եթե ԵԿՄ-ում շարունակվի համընդհանուր ներման ու միասնականության նման մթնոլորտ տիրել, ամենայն հավանականությամբ, շատ շուտով իշխանություններն ի մի կբերեն Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) տրոհված բեկորները՝ երկրապահներին դարձյալ հակակշիռ ձեւավորելու համար»:

Երեկվա հանդիսավոր հավաքի անդրադարձերում հատուկ առանձնացվող մի երեւույթ էլ ԵԿՄ ղեկավարների բազմապիսի թանկարժեք ավտոմեքենաների կուտակումն է: «Սա ուրախալի փաստ է. չէ՞ որ ԵԿՄ-ի կանոնադրական խնդիրներից մեկը եւ, թերեւս ամենակարեւորը, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավումն է», - հեգնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած մի խումբ ազատամարտիկներ երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Այս օրերին ազատամարտիկներին, իբր թե, մեծարելու նպատակով կազմակերպված միջոցառումների ֆոնի վրա այս փաստը առավել քան ուշագրավ է», - համադրված է «Հայկական ժամանակ»-ում:

«Հայոց Աշխարհ» թերթում էլ վրդովված հարց է՝ «Մի՞թե բյուջեի սղությունը համոզիչ պատճառ է՝ հաշմանդամ ազատամարտիկներին անտերության մատնելու, առանց այն էլ աննախանձելի վիճակում գտնվող այս մարդկանց կյանքը էլ ավելի անտանելի դարձնելու համար: Չէ՞ որ արտասահմանյան գործուղումների, գիտաժողովների, տոնախմբությունների եւ հանդիսությունների համար միջոցներ միշտ էլ գտնվում են»:

Այսօր 57-րդ անգամ նշվող Հաղթանակի տոնի առիթով հարցազրույցում այդ պատերազմի մասնակից, պատգամավոր Հրանտ Ոսկանյանը «Հայոց Աշխարհ»-ում շեշտել է. - «Կառավարությունը հիմա առավել ուշադրություն պետք է դարձնի Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական խնդիրներին: Իհարկե, նույնը անհրաժեշտ է անել Աֆղանստանի եւ Ղարաբաղյան պատերազմներին մասնակցած մեր տղաների համար: Բայց Հայրենական պատերազմի մասնակիցները արդեն շատ քիչ են՝ 80-ին մոտ կամ նույնիսկ անց: Նրանք հատկապես այսօր կարիք ունեն ուշադրության եւ հոգածության»:

Ուրախության հետ եւ տխուր մտորումների տեղիք է տվել «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանին Շուշիի ազատագրման տարեդարձը. «Արդեն տասը տարի Շուշին մերն է, ինչպես նաեւ գրեթե ողջ Արցախը՝ ազատագրված տարածքների հետ միասին: Ունենք անկախ պետականություն եւ հարեւանների նախանձը շարժող կազմակերպված ու բարգավաճ սփյուռք: Թվում է, թե այս ամենը պետք է որ դառնար աննախադեպ ազգային զարթոնքի ու համախմբման հզորագույն խթան: Սակայն նախորդ տասնամյակում օրինաչափ ու միանգամայն հասկանալի վերելքի փոխարեն ունեցանք կա'մ կորուստներ, կա'մ էլ ժամանակի ու միջոցների աննպատակ վատնումի մասին վկայող քաղաքական վայրիվերումներ, տնտեսական ճգնաժամեր եւ ներքին՝ հոգեւոր ամլություն՝ փոխադարձ անվստահության մեծացման ու արտագաղթի տեսքով... Ի վիճակի եղանք մի քանի օրում իրականացնել անհնարին թվացողը՝ ազատագրել անառիկ բերդաքաղաքը, բայց 10 տարի շարունակ չկարողացանք այդ նույն Շուշիի բնակիչների համար ապահովել նվազագույն կենսապահովման պայմաններ... Տարածաշրջանում ներկայումս արագորեն կուտակվում է ռազմական ու տնտեսական բնույթի վտանգների մի այնպիսի բարդ կծիկ, որոնց չեզոքացման համար անցած տասնամյակում պարտավոր էինք լուծել մեր տնտեսության գոնե խորհրդային մակարդակի վերականգնման, պատերազմում ձեռք բերածի յուրացման եւ Արցախի ու ազատագրված տարածքների բնակչության առնվազն կրկնապատկման խնդիրները: Այդ ամենի չի արվել»: «Ինչո՞ւ: Ինչպե՞ս շտկել սխալները», - հարցերի պատասխանները փնտրելու է մեկնաբանը ուղղորդում բոլորին:

«Շուշին նոր ժամանակի հաշվարկի կետն է, որը լինելու է հայերի դարը», - պատկերավորել է «Գոլոս Արմենիի» թերթը: - «Երբեւէ այս երկիրը ի մի կբերի իր բոլոր զավակներին, երբեւէ հայերի մեծամասնությունն ազատ ու երջանիկ կապրի իր հայրենիքում. այդպիսին պետք է լինի հաղթանակի շարունակությունը: Շուշին հայկական այն բարձունքներից է, որոնք կարող են փրկել ջրհեղեղից»:

Օրերս Ղարաբաղում շրջած «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը նիստ ու կացից փոխանցում է. «Ընդհանրապես, ղարաբաղցու դժգոհություններն իր կյանքից, իշխանություններից շատ չեն տարբերվում հայաստանցու դժգոհություններից: «Գործարանները քանդեցին, ամբողջ ժողովրդին առեւտրական դարձրին», - ծանոթ արտահայտություններով բողոքում էին նրանք: Արտագաղթի ճարակն էլ է այստեղ սուր... Ստեփանակերտը մի քանի անգամ իր մաքրությամբ ու խնամվածությամբ այսօր գերազանցում է Երեւանին... Իսկ Շուշին դեռ շատ հեռու է բարեկարգ քաղաք կոչվելուց՝ ամենուրեք փլատակներ են... 7 տարում Ղարաբաղի ավերակները ոչ պակասել են, ոչ ավելացել, բայց նրանց տեսքն ավելի ողբերգական ու ճնշող է դարձել: Չի կարող այդ փլատակների հարեւանությամբ մեծացող երեխան առողջ ու ազատ լինել», - մտահոգություն է ընդգծել թղթակիցը: «Դեռ պատերազմական կյանքով ապրող, վտանգների հանդիման ղարաբաղցի», «համբերատար, դիմացկուն ղարաբաղցի», «անհաղորդ, անորոշ ղարաբաղցի», - իրար են հաջորդում-լրացնում թղթակցի գրառումներում, որ ավարտվում են բազմակետով. - «Աստված շատ շռայլ է գտնվել մեր ժողովրդի այս հատվածի նկատմամբ: Մնում է Աստծո տվածը վայելել»:

«Ազգ» թերթում ներկայացվող՝ Զորի Բալայանի ռազմաճակատային օրագրից էջերն էլ ամփոփված են հետեւյալ կարեւորմամբ. «Շուշին ավելին է, քան հաղթանակը ամեն ինչից բացի նաեւ այն պատճառով, որ ռեալ խաղաղության նախակարապետ դարձավ տարածաշրջանում... Եվ երբ ԵԱՀԿ երեք մեծ տերությունների ղեկավարները, բոլոր տեսակետներն առանց մինչեւ վերջ քննելու, հենց միայն սպառնում են արագ կարգով թաքուն լուծել Ղարաբաղի խնդիրը, ուզում ես նրանց հիշեցնել, որ ստեղծված իրավիճակում պատմական փորձը ցույց է տալիս. դեռ թանաքը համատեղ փաստաթղթի վրա չչորացած, նախկին բետոնապատ հարթակների վրա անմիջապես կաշխատեն նորոգված կրակակետերը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG