Մատչելիության հղումներ

Սկսվել է գիտահետազոտական ինստիտուտների եւ նախագծային կազմակերպությունների մասնավորեցումը


Շուրջ հինգ տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ ու նախագծային կազմակերպություններ ընդգրկվել են 2001-2003 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանի կարծիքով, չպետք է շտապել՝ օր առաջ վաճառելու ինստիտուտները:

Այսօր Հայաստանում շատ քիչ են այն հաջողակ ինստիտուտները, որոնք գոյատեւում են չնչին բյուջետային ֆինանսավորման կամ արտասահմանյան կազմակերպությունների դրամաշնորհների հաշվին։ Եվ եթե ակադեմիական ինստիտուտների պետական կարգավիճակի պահպանումը չի վիճարկվում, ապա կիրառական գիտության նույն կարգավիճի պահպանումը նոր պայմաններում լրիվ անիմաստ է:

Ըստ պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանի, պետական կարեւոր խնդիրներ իրականացնող, այդ թվում եւ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ինստիտուտները չեն մասնավորեցվի։ Մնացածների մի մասը կվերածվի փոքր բաժնետիրական հաստատությունների, որոնք կգործեն մասնավոր պատվերների հիման վրա: Այլ մոտեցումներ էլ կկիրառվեն՝ մի քանի ինստիտուտների միավորում-խոշորացումը:

«Դրանք կարող են միավորել իրենց տեխնիկատնտեսական բազաները, լաբորատոր եւ արխիվային հզորությունները՝ ավելի գրավիչ լինելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միքայել Մելքումյանը, ավելացնելով, որ նման միավորման հետեւանքով կազատվեն շենքեր, որոնք պետությունը կարող է ինչպես օտարել, այնպես էլ վարձակալության հանձնել՝ ապահովելով լրացուցիչ բյուջետային մուտքեր:

Այդուհանդերձ գնահատել այս կամ ինստիտուտի շուկայական արժեքը չափազանց բարդ է. կարելի է գնահատել շենքը, սարքավորումը, սակայն մտավոր սեփականության գնահատման համար առայժմ կատարյալ մեթոդներ չկան: Բացի այդ, շուկայում չկա գիտական եւ տեխնոլոգիական մշակումների նկատմամբ համապատասխան պահանջարկ։ Վերջինս, ըստ Մելքումյանի, կարող է ձեւավորվել 3-5 տարվա ընթացքում, այդ պատճառով պետք չէ շտապել:

«Ես դեմ եմ, որ այսօր ճիշտ չգնահատելով այդ մտավոր սեփականությունը, կամայական ձեւով կատարվի մասնավորեցումը», - ասաց փոխնախարարը:

Որոշվել է փորձնական կարգով մասնավորեցման առաջին քայլերը անել անկախության տարիներին իր պոտենցիալը համեմատաբար բարվոք վիճակում պահած ու այժմ գործող Լեռնամետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն Սահակ Արզումանյանի կարծիքով, բաժնետոմսերը ճիշտ կլինի առաջին հերթին առաջարկել կոլեկտիվին: «Եթե կոլեկտիվը հնարավորություն չունի գնելու, ընդգրկել մեր բնագավառի ձեռնարկություններին, որոնց համար մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արզումանյանը: - «Բաժնետոմսեր ունենալու դեպքում նրանք շահագրգռված կլինեն ինստիտուտի սարքավորումների վերազինման, վերանորոգման, կադրերի պատրաստման հարցերում, ինչը ներդրումներ է պահանջում»:

Ինստիտուտն այսօր կատարում է հանրապետության լեռնամետալուրգիական 8 ձեռնարկությունների պատվերները։ Արզումանյանը համոզված է, որ ինստիտուտը պետք է մասնավորեցվի պայմանով, որ 25 տարվա ընթացքում պահպանի իր պրոֆիլը: Տնօրենը համոզված է, որ մասնավորեցումը հարկավոր է կատարել ուղղակի վաճառքի ձեւով:

«Որովհետեւ եթե մրցութային կարգը դրվեց մասնավորեցման հիմքում, կգտնվեն այնպիսի փողատերեր, որոնք կգան-կառնեն, ձեւի համար կպահեն պրոֆիլը, սակայն կօգտագործեն ոչ թե ինստիտուտը՝ իր հնարավորություններով, այլ շենքը, շինությունները», - ասաց ինստիտուտի տնօրենը:

Հայաստանյան ձեռնարկություններին ավելի ձեռնտու է տեղական ինստիտուտին պատվիրել այս կամ այն գիտական մշակումը: Ըստ Արզումանյանի, լեռնամետալուրգիայի բնագավառի որեւէ մշակում պատվիրելու համար ձեռնարկությունը ռուսաստանյան ինստիտուտներին պետք է, տեղականների համեմատ, հինգ անգամ ավելի մեծ գումար վճարի, իսկ արտասահմանյան ինստիտուտներին՝ առնվազն 10 անգամ ավելի։ Մինչդեռ, տեղի գիտնականների մշակումների որակը ամենեւին չի զիջում արտասահմանյան մշակումներին։ Իսկ երբեմն էլ՝ գերազանցում է։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG