Մատչելիության հղումներ

Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները


Ազգային ժողովի արտահերթ նիստում, չնայած խորհրդարանական փոքրամասնության բոլոր ջանքերին ու կրքոտ ելույթներին, առաջին ընթերցմամբ ընդունվեցին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող, «Ավիացիայի մասին» եւ «Գաֆեսջյան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ այլ արտոնություններ տալու մասին օրինագծերը: Գործադիր իշխանությունը կրկին ապացուցեց, որ լիովին վերահսկում է խորհրդարանական գործընթացները:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որքան էլ անսպասելի էր, շատ հանգիստ ընդունվեցին առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ, 7 դեմ եւ 9 ձեռնպահ ձայներով: Պատճառը, թերեւս, այն էր, որ նախագիծը քվեարկվեց առանց 23֊-րդ՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը վերաբերող հոդվածի:
Դա չի նշանակում, թե հեղինակները հրաժարվել են իրենց առաջարկից, որ հանձնաժողովներում երեքական անդամ նշանակելու իրավունքը տրվելու է հանրապետության նախագահին: Ազգային Ժողովի, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հոդվածը «բերվելու է երկրորդ ընթերցման»:

Կրքերն այսօր խորհրդարանում շիկացան օդագնացությանը վերաբերող այլընտրանքային երկու նախագծերի քվեարկությունների ընթացքում: Ինչպես սպասվում էր, ընդունվեց կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» օրինագիծը՝ պարտության մատնելով «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) պատգամավորների «Օդային օրենսգրքի» նախագիծը: Կրքերի շիկացումը, սակայն, թելադրված էր ավելի շատ ոչ թե մրցակցությամբ, այլ նրանով, որ պատգամավորներին այդպես էլ չէր ներկայացվել «Զվարթնոց» օդակայանի կոնցեսիոն պայմանագիրը, մինչդեռ օրինագծի մի շարք դրույթներ վերաբերում են այդ պայմանագրին:

«Մենք էլ գտնում ենք անթույլատրելի, որ պայմանագրի տեքստի հետ ոչ ոք ծանոթ չէ», - պայմանագրին կողմ լինելով հանդերձ, ասաց Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: - «Իսկ նրանք, ովքեր ծանոթ են, բավական մտահոգիչ տեղեկություններ են հայտնում»:

«Պայմանագիրը ոչ այլ ինչ է, քան հայկական ավիացիայի օտարումը պետությունից եւ «Զվարթնոց» օդանավակայանի նվիրումը մեկ գործարարի», - ասաց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:

Որոշ պատգամավորների հաջողվել էր անօրինական ուղիներով ձեռք բերել Հայաստանի կառավարության եւ Էռնեկյանի «Աերոպուերտոս Արգենտինա» ընկերության միջեւ կնքված այդ փաստաթուղթը: Նրանցից մեկն Արշակ Սադոյանն է, որի բնորոշմամբ, պայմանագիրը, ուր «ոչ մի խոսք չկա ներդրումների չափի, ժամկետների մասին... ծայրից-ծայր ազգային դավաճանություն է»:

Պայմանագիրը ծեռք բերած մյուս պատգամավորը Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղխորհրդի անդամ Ստեփան Զաքարյանն է: «Պայմանագրում բառացիորեն գրված է, որ կառավարիչը, եթե գործերը լավ գնան, իր բացառիկ հայեցողությամբ, կարող է անվերջ երկարաձգել պայմանագիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զաքարյանը:

«Ընդհանուր առմամբ նման դրույթ կա», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: - «Սակայն կան նաեւ սահմանափակող դրույթներ»:

Ըստ Ստեփան Զաքարյանի, պայմանագրով արգելվում են Գյումրու օդանավակայանից թռիչքները ԱՊՀ տարածքից դուրս, ինչը հաստատեց նաեւ արդարադատության նախարարը: «Նպատակն այն է», ֊- ասաց Դավիթ Հարությունյանը, -֊ «որ օդակայանը միջազգային ստանդարտների բերելու համար լուրջ ներդումներ են պետք, իսկ եթե շահույթները երկու հատվածի բաժանենք, ծրագիրը կարող է անիրագործելի դառնալ»:

Վիրավորանքը, որ քվեարկում են՝ առանց ծանոթ լինելու փաստաթղթի բովանդակությանը, առավել սաստկացավ, երբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Գաֆեսջյան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ այլ արտոնություններ տալու մասին օրինագիծը:

Քվեարկությունից առաջ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում այդպիսի հիմնադրամ գոնե ուրբաթ օրը դեռ գրանցված չէր: Քվեարկությունից հետո կրքերն ավելի շիկացան: «Դուք, որպես ԱԺ նախագահ, այնուամենայնիվ, նպաստեցիք նրան, որ քվեարկվի եւ արտոնություն տրվի օրենքով մի կազմակերպության, որը գոյություն չունի», - Արմեն Խաչատրյանին դիմեց Շավարշ Քոչարյանը, ինչին խորհրդարանի խոսնակը պատասխանեց, թե արդարադատության նախարարն ասում է՝ գրանցված է:


«Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը, ի նշան բողոքի, լքեց դահլիճը:

«Էս երկիրը զոռբայության վրա՞ ա», - վրդովված ասաց Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի շնորհիվ Ազգային ժողով եկան երկու թիմեր, որոնք ոչ մի ձեւով չեն արտահայտում մեր ժողովրդի կարծիքը... Հիմա մեծամասնություն է ձեւավորել եւ ասում է՝ ինչ ուզեմ, էս պետության համար կորոշե՞մ»:

«Հետաքրքիրն այն է, որ նրանք են խոսում, ովքեր օրերով Ազգային ժողովում չեն լինում», - կարողացավ հակադարձել նշված մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG