Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Հովհաննիսյան. «1998-ից սկսած կոռուպցիան Հայաստանում ավելի է ընդարձակել տիրույթները»


«Հակաստվեր» հասարակական կազմակերպության անցկացրած հերթական քննարկման բանախոս, Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե 1998-ից սկսած կոռուպցիան Հայաստանում ավելի է ընդարձակել տիրույթները, շատ բաներ, որոնք նախկին ռեժիմի օրոք չէին երեւում, այժմ տեսանելի են:

«Կային ասպարեզներ Տեր-Պետրոսյանի ժամանակ, որտեղ մրցակցությունը անհնարին էր», - ասաց Վահան Հովհաննիսյանը, շարունակելով, որ կային ոլորտներ ուր «իր [Տեր-Պետրոսյանի] կամ իր կլանի թաթն էր դրած» եւ անիմաստ էր փորձել մրցակցել: - «Իսկ որտեղ մրցակցություն չկա, այդտեղ ներսում գոնե կոռուպցիա չի երեւում: Հիմա, երբ այդ մրցակցության դաշտը լայնացել է, կոռուպցիայի դրսեւորումները ավելի ցայտուն ու երեւացող են դարձել»:

Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, կուսակցությունների մասնակցությունը քաղաքական կյանքին ձեւական բնույթ ունի, քաղաքական դաշտն ամբողջությամբ կենտրոնացած է գործադիր իշխանության ձեռքում:

«Հայաստանում ինչ իշխանություն էլ լինի, ամենից ուժեղը իշխանության կուսակցությունն է, որովհետեւ դա նույն մարդիկ են», - ասաց նա: - «Նույն մարդիկ կոմունիստների ժամանակ կազմում էին իշխանության կուսակցությունը, հետո անմիջապես «վերաներկվեցին» ու դարձան հհշական, որպեսզի պահպանեն իրենց պաշտոնները եւ հասարակական դիրքը: Հիմա էլ իշխող կուսակցության շարքերում հայտնվել են հենց այդ նույն մարդիկ»:

Դաշնակցության բյուրոյի անդամի կարծիքով, մեր երկրում լայնորեն տարածված կոռուպցիայի հիմնական պատճառն այն է, որ քաղաքականությունից դեպի բիզնես, եւ բիզնեսից դեպի քաղաքականություն ճանապարհը երկկողմանի է, մինչդեռ, որեւէ ժողովրդավարական երկրում, ըստ Վահան Հովհաննիսյանի, բացառված է քաղաքական իշխանությունը սեփական բիզնեսին ծառայեցնելու հնարավորությունը:

«Հայաստանում ճանապարհը բաց է երկու ուղղությամբ էլ», - ասաց Հովհաննիսյանը: - «Անօրինական ձեւով իրենց հարստությունը կուտակած մարդիկ անմիջապես ջարդեցին դուռը եւ մտան քաղաքական իշխանություն, մտան խորհրդարան: Եվ արդեն խորհրդարանում լինելով կամ խորհրդարանից նշանակվելով ինչ-որ գործադիր իշխանության դիրքի, այդ արդեն քաղաքական իշխանությունը օգտագործում են հետադարձ ճանապարհի համար՝ ավելի հարստանալու կամ անօրինական կերպով հարստանալու համար պատասխանատվություն չկրելու համար»:

Ըստ նրա, բիզնեսից քաղաքականություն, եւ հակառակը գնալ-գալու այդ ճանապարհը մեծամասնական քվեարկությամբ ընտրվելու հնարավորությունն է: Քվեարկության փուլում գտնվող նոր Ընտրական օրենսգրքով, ի հաշիվ մեծամասնական տեղերի, էապես ավելացվել են համամասնական տեղերը: Սա, բնականաբար, կոռուպցիայի ու ընտրակաշառքով ընտրվելու հակված հեղինակություններին դուր չի գալիս:

«Նեղացնելով մեծամասնականը, որը հենց այդ անօրինական գնալ-գալու ճանապարհն է, անմիջապես առաջացավ ոչ ադեկվատ եւ կտրուկ հակադարձ: Մոտ 60 պատգամավոր հավաքել են ստորագրություններ», - ասաց Վահան Հովհաննիսյանը: -
«Այս երեւույթը, երբ այդ ստորագրություն հավաքողները ճնշում են գործադրում Ազգային ժողովի նախագահության վրա, ճնշում են գործադրում գործադիր իշխանության վրա եւ երկրի նախագահի վրա, քաղաքական կոռուպցիայի ամենացայտուն դրսեւորումն է Հայաստանում»:

Քաղաքական կոռուպցիան սահմանափակելու նպատակով Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը մշակել է «Լոբբինգի մասին» եւ «Պատգամավորի էթիկայի մասին» օրինագծերը։ Վերջինս նախատեսում է, մասնավորապես, ընտրողների հետ պատգամավորի պարտադիր հանդիպումներ, պատգամավորին ետ կանչելու մեխանիզմներ։ Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ է պատգամավորին օրենքով արգելել փոխել կուսակցությունը՝ պահպանելով կարգավիճակը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG