Մատչելիության հղումներ

Հայաստանը չի շտապում միանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 արձանագրությանը


Անցած ուրբաթ Վիլնյուսում կայացած Եվրախորհրդի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդակցության ժամանակ ստորագրման համար բացված թիվ 13 արձանագրությամբ 36 երկրների ներկայացուցիչներ խստացրին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մահապատժի արգելքը:

Լիտվայի մայրաքաղաքում ստորագրված թիվ 13 արձանագրությունը արգելում է մահապատժի կիրառումը անգամ պատերազմի, պատերազմի մոտալուտ սպառնալիքի կամ «բացառիկ հանգամանքների» դեպքում:

Արձանագրությունը հրաժարվել են ստորագրել Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Խորվաթիան եւ Սլովակիան:

«Մինչ թիվ 13 արձանագրության ստորագրումը Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը վավերացնելու խնդիր ունի», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Վիլնյուսում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարած փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանը:

Ժամանակին 6-րդ արձանագրության վավերացման ձգձգումը պատճառաբանվեց տեխնիկական պատճառներով: Հայաստանում ներկա դրությամբ մահապատիժը վերացնելու դեպքում, ինչը Եվրախորհրդի առջեւ մեր ստանձնած պարտավորություններից է, մինչեւ ցմահ բանտարկություն նախատեսող նոր քրեական օրենսգրքի ընդունումը բարձրագույն պատժաչափը կլիներ 15 տարվա ազատազրկումը:

Ինչ վերաբերում է 13-րդ արձանագրությանը, որն ավելի է խստացնում մահապատժի արգելքը, ապա խնդիրը երկրի ներսում անգամ դեռեւս չի քննարկվել:

«Այսօրվա դրությամբ մենք վերապահումներ ունենք», - ասաց Արմեն Մարտիրոսյանը: - «Քանի որ տարածաշրջանում կան որոշակի վիճահարույց հարցեր, քաղաքական կոնֆլիկտներ»:

Ու թեպետ Հայաստանը հանդես է գալիս կոնֆլիկտները քաղաքական ճանապարհներով լուծելու օգտին, սակայն, նկատի առնելով Ադրբեջանում հնչող ռազմաշունչ կոչերը, պաշտոնական Երեւանը չի համարում, որ այդ հարցում պետք է շտապել, մանավանդ որ «Հայաստանի պարտավորություններից է միայն 6-րդ արձանագրությունը: 13-րդը պարտավորություն չի հանդիսանում»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG