Մատչելիության հղումներ

Շարունակվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Արգենտինա


Երեկ Արգենտինայի նախագահ էդուարդու Դուալդեի հետ հանդիպումից եւ համաձայնագրերի ստորագրման արարողությունից հետո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի ակադեմիական նիստին, ուր այս հեղանակավոր կառույցի ղեկավարությունը Հայաստանի նախագահին շնորհել է պատվավոր անդամի կոչում:

Ռոբերտ Քոչարյանը նիստում ելույթ է ունեցել անգլերեն լեզվով: Հայաստանի նախագահն ասել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տասը տարիների ընթացքում «մենք պահպանել ենք գերազանց քաղաքական երկխոսություն բոլոր մակարդակներում»։

«Մենք կարող ենք նաեւ ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները՝ դրանք տարածելով այլ բնագավառների վրա, ինչպիսիք են կրթությունը, գիտությունն ու մշակույթը։ Մեր տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների համեստ մակարդակը պետք է որ աճի Արգենտինայի նախագահի հետ մեր քննարկումների արդյունքում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը ներկայացրել է Հայաստանում կատարվող բարեփոխումների ընթացքը: «Անցյալ տարի Հայաստանի Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալը վկայում է, որ մեր ներքին բարեփոխումները հասել են հաջողության որոշակի իմաստալի մակարդակի», - ասել է նա։ - «Մենք արդեն գործածության մեջ ենք դրել մի շարք օրենսդրական ակտեր երկրում քաղաքական բազմազանությունն ապահովելու եւ ժողովրդավարական ընտրությունների պրակտիկան կատարելագործելու համար։ Վստահ եմ, որ մյուս տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան Հայաստանի ժողովրդավարության հասունությունը»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ ադրբեջանական պետության մաս չի եղել։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման իրավական հիմքերը անթերի են, եւ մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորումը քննարկել իրավական դաշտում», - ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ այդ երկիրը «կարեւոր գործընկեր» է Հայաստանի համար: «Իրանը Հայաստանի համար կարեւոր ճանապարհ է էներգակիրների եւ տրանսպորտային հաղորդակցության բազմազանություն ապահովելու համար», - ասել է նա:

Հայաստանի նախագահը անդրադարձել է նաեւ հայ-թուրքկան հարաբերություններին, նշելով, որ դրանք մնում են «անզիջողական ադրբեջանամետ կեցվածքի եւ Հայաստանի շարունակվող շրջափակման պատանդը»:

«Մենք Թուրքիային կոչ ենք արել եւ շարունակում ենք կոչ անել Հայաստանի հետ հարաբերություններ սկսել առանց նախապայմանների։ 1915 թ.-ի հայերի ցեղասպանության փաստը ճանաչելու Թուրքիայի շարունակվող մերժումը մնում է հոգեբանական եւ քաղաքական խոչընդոտ, որը պետք է հաղթահարվի։ Մենք դժվար անցյալ ենք ունեցել։ Քանի դեռ Թուրքիան շարունակում է մերժել այդ անցյալը, մեր հաշտեցումը մնում է անվստահության պատանդ»։


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG