Մատչելիության հղումներ

Գարնանային անձրեւների շնորհիվ բարձրացել է Սեւանա լճի մակարդակը


Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ գարնանային առատ տեղումների շնորհիվ բարձրացել է Սեւանա լճի մակարդակը:

Անցյալ ամիսներին տեղումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցել են մեկուկես անգամ, ինչն էլ նպաստել է լճի մակարդակի բարձրացմանը:

Մամուլում վերջերս հրապարակումներ էին եղել, թե Սեւանի մակարդակը իջել է: Անդրադառնալով դրանց, բնապահպանության նախարարը, իր խոսքերով՝ «ի ջիգրու» «Հայկական ժամանակ»-ի, ասաց. - «Հունվարի 1-ից մինչեւ այսօր Սեւանի մակարդակը բարձրացել է արդեն 23 սանտիմետրով, ինչը համարժեք է 290 միլիոն խորանարդ մետր ջրի»:

Բնապահպանության նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակել, որոնց միջոցով փորձ է արվելու լուծել կենսաբազմազանությանը, անտառների վերականգնմանը, նոր տնկարանների ստեղծմանը, գյուղատնտեսական արոտավայրերին առնչվող եւ մի շարք այլ խնդիրներ:

«Արդեն հաստատված ծրագրերի ընդհանուր արժողությունը կազմում է մոտ 19 միլիոն դոլարի սահմաններում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Այվազյանը: - «Դրանից մոտ 12 միլիոն դոլարը դրամաշնորհային մեխանիզմներ են, 8 միլիոն դոլարը երկարատեւ վարկային ռեսուրսներ են»:

Խոսելով անտառներ վերականգնմանն ուղղված ծրագրերի մասին, Վարդան Այվազյանը ասաց, որ մոտեցումները հիմնովին փոխվել են: «Հայանտառը» այսուհետ միայն վերահսկելու է սանիտարական անտառահատումները, որոնք իրականացնելու են աճուրդային կարգով ընտրվելիք գործարարները:

«Լուրջ պրոբլեմ է մեզ համար ներկայացնում կանաչ տարածքներում զանգվածային շինարարության խնդիրը», - ասաց Վարդան Այվազյանը: - «Ցավոք սրտի, շատ դեպքերում շինարարությունը կատարվում է առանց բնապահպանական փորձաքննության... Շատ դեպքերում դրանք տեղի են ունենում ապօրինի»:

Բնապահպանության նախարարությունն այս ոլորտում հստակ լիազորություններով օժտված չէ: Այդուհանդերձ, որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Երեւանի քաղաքապետարանի հետ: Որոշվել է հասարակական, բնապահպանական կազմակերպությունների ու քաղաքապետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչներից կազմել հանձնաժողով, որը կսահմանի նոր կարգ եւ ընդհանրապես կդադարեցնի հողահատկացումները կանաչ տարածքներում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG