Մատչելիության հղումներ

«Մամուլի թշնամի» տիտղոսը տրվեց Ռոբերտ Քոչարյանին





Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով Մամուլի ազգային ակումբի սահմանած եւ այս տարի առաջին անգամ տրվող «Մամուլի թշնամի» տիտղոսին արժանացել է Հայաստանի նախագահը:

Մոտ 100 լրագրողներ, ինչպես նաեւ իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ Մամուլի շենքից երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր եւ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին հանձնեցին տիտղոսի շնորհումը հավաստող թերթիկը. «2002 թվականին «Մամուլի թշնամի» տիտղոսը տրվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մամուլի դեմ ծավալած գործունեության համար»:

Մամուլի ազգային ակումբում մինչ այդ տեղի ունեցած կարճ ասուլիսում, մեկ ամիս առաջ փակված «Ա1+» հեռուստաընկերության մեկնաբան Վարդան Վարդանյանն ասաց, որ «Մամուլի թշնամի» տիտղոսի համար մի քանի թեկնածուներ կային՝ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը (տխրահռչակ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծի հեղինակը), Գրիգոր Ամալյանը (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը):

Թեկնածուներից էին նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը, Վարդան Վարդանյանի խոսքերով՝ «հրապարակավ մեզ համեմատել էր հանցագործների հետ», եւ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը: Վերջինիս մասին Վարդան Վարդանյանը ասաց. - «Այս դեպքում նկատառումը այն էր, որ Ալեքսան Հարությունյանը մամուլի հիմնական ստվերային գրաքննիչն է»:

«Մամուլի թշնամի» տիտղոսը տրվել է նախագահ Քոչարյանին, որովհետեւ, Վարդանյանի խոսքերով, «նա է այս երկրում տեղի ունեցող ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մասնակցում է երթին եւ կիսում լրագրողների մտահոգությունները, սակայն, «Մամուլի թշնամի» տիտղոսը հանրապետության նախագահին հանձնելու որոշմանը չի միանում, քանի որ ինքը դեմ է որոշումներին, որոնց չի միանում լրագրողների մի մասը: Դա, Նավասարդյանի խոսքերով, պառակտում է լրագրողներին եւ «դժվարություններ առաջացնում, որ բոլորը միասնաբար պայքարեն մամուլի եւ խոսքի ազատության համար»:


Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, սխալ է ասել, թե Հայաստանում խոսքի ազատություն ընդհանրապես չկա: Այդուհանդերձ՝ «սահմափակումները գնում են մեծ ուժգնությամբ, եւ արդեն վտանգավոր միտումներ են նկատվում»: Նրա կարծիքով, «օրենքով» կատարվող գործողությունները, ինչպես «Ա1+»-ի փակումը, «ոչ թե օրենքով է, այլ՝ վերին իշխանության կամքը»:

«Ա1+»-ի փակումով ազատ խոսքը մեր երկրում վտանգված է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին փոխնախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Մամուլի ազգային ակումբը Հայաստանում «Մամուլի բարեկամ» տիտղոսին արժանի թեկնածու չի գտել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG