Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանը դիմավորում է այդ ոլորտին վերաբերող չափազանց լուրջ խնդիրներով», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ մատուցելով. - «Գործող վարչակազմը, հողին հավասարեցնելով իր հետ չհամաձայնող կան իրեն անվերապահորեն չենթարկվող ցանկացած օղակ՝ հասել է մամուլին»: Թերթի ընդգծմամբ՝ «Միայն մամուլի, ազատ մամուլի գոյության պայմաններում է, որ չի մեռնում հույսը, որ Հայաստանը դեռ կվերադառնա իրական ժողովրդավարության: Չէ՞ որ այս փոքրատպաքանակ մամուլն է հանրության հիշողության մեջ պահում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են օրինականությունը, մարդու իրավունքները, սեփական իրավունքների համար պայքարելու, առանց ավելորդ բարդությունների տեղեկատվություն ստանալու ազատությունը: Իսկ վարչակարգին սա պետք չէ, վարչակարգին պետք է, որ մարդիկ գնան ընտրությունների, եւ ազատ ընտրություն կատարեն «բակինսկի», ռամկավարաախպարական եւ դաշնակցատարոնական կարգերի միջեւ»:

«Ցանկացած իշխանություն, տնտեսական կամ քաղաքական շրջանակ մշտապես ձգտել է տնօրինել մամուլը, հեռուստատեսությունը: Սա միանգամայն մարդկային է», - բնորոշում է Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը: - «Այդ ձգտումի արտահայտությունը կարող է դառնալ ինչպես բռնի գործողությամբ լրատվության միջոց փակելը, տիրապետելը, այնպես էլ առավել նուրբ, խորամանկ ճանապարհով իր գերիշխանությունը հաստատելը: Մյուս կողմից՝ մամուլի խնդիրն է դառնալ իր իրավունքը պաշտպանող, անկախությունն ու սկզբունքայնությունը հաստատող մի հավաքականություն, որի վրա անզոր կլինի բռնանալ ցանկացած ուժ: Ուղին հստակ է. մամուլը պետք է մնա իր բարձրության վրա... լինի այն չեզոք ուժը, որը սթափ հայացքով հետեւի զարգացումներին: Սակայն», - գնահատել է «Երկիր»-ը, - «Մեր լղոզված, գաղափարազրկված հասարակությունում ունենք նույն սահմանափակված, կայունացված լրատվական ընտանիքը, որի անդամների մեծագույն մասը խրամատներում է... Արդյունքում դառնում են քաղաքական խմբակներ»:

«Իշխանություն - ընդդիմություն պայքարը ոլորապտույտի մեջ է քաշել հայաստանյան լրատվական ողջ դաշտը՝ զրկելով պրոֆեսիոնալ առումով առաջնային պահանջից՝ անկախ մտածելու հնարավորությունից», - գրում է «Ազգ» թերթի մեկնաբանը, որի հայացքով. - «Այսօրվա բողոքի միջոցառումներում էլ ավելի շատ են ցուցարարությունը, մամուլի պաշտպանի նմանակումը, քան բուն խնդիրը՝ լրագրողների պաշտպանությունը, խոսքի ազատությունը։ Քանի դեռ Հայաստանում չկա լրագրողական համերաշխություն, սեփական իրավունքները միասնաբար պաշտպանելու պատրաստակամություն, ցանկացած նման միջոցառում դիտվելու է զուտ քաղաքական, անգամ՝ կուսակցական նախաձեռնություն»։

«Լրագրողների երթը նման է մի բանավեճի ավարտի, երբ սպառվող փաստարկները հուշում են, որ կարելի է գործի դնել բռունցքները: Լրագրողների ինքնաարտահայտման ընդունված «լեզուն» երթայինով փոխելու ցանկությունը պրոֆեսիոնալ անզորության հետեւանքն է», - ձեւակերպել է «Հայաստանի Հանրապետություն» թերթը:

«Մեզանում ազատ խոսքը հանդուրժում են այնքան, մինչեւ այն չի սկսում իրական եւ իշխանությունների համար վտանգավոր ազդեցություն թողնել», - շեշտված է «Իրավունք»-ի խմբագրականում: - «Իշխանավորներից շատերի իրական դեմքը այն աստիճան զզվելի է, որ իրենք ատելությամբ են լցվում այդ դեմքը ցույց տվող հայելու՝ մամուլի նկատմամբ»:

Այսօրվա թերթերում շարունակվում է իմաստավորվել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վերջին համագումարը: «Առավոտ»-ի պատկերավորմամբ, ««Հոկտեմբերի 27»-ից հետո Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերած երկրապահները հասկացան, որ իր աթոռը զգալիորեն ամրապնդած Քոչարյանը այլեւս չի պատրաստվում հաշվի նստել իր նախկին բարերարների հետ։ Ավելին. նախագահը սկսեց հնարավորինս զտել իշխանական օղակները երկրապահական կադրերից: Հետեւաբար, ԵԿՄ-ն կամ պիտի վիրավորվեր ու հայտարարեր երախտամոռ նախագահին ընդդիմանալու մասին, կամ էլ հակառակը՝ վիրավորանքը կուլ տալով՝ հավատարմության երդում տար Քոչարյանին ու խոստանար ծառայել նրան։ Երկրապահներն ընտրեցին միջին ճանապարհը»:
«Ներկայումս ԵԿՄ-ն փորձում է բաց պահել եւ' դեպի իշխանությունները, եւ' դեպի ընդդիմությունը տանող դռները», - իր հերթին նշում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Այս մարտավարությունը երկրապահական վերնախավի համար ապահովում է ձեռքերի լիակատար ազատություն՝ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակում»:

Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրի գյուղապետի դաժան սպանությունից, այդ սանձարձակ հանցագործությանը հաջորդած միջադեպերից երկու օր անց, տակավին զգացվում է, որ իրավիճակն ու տրամադրությունները լարված են», - փոխանցում է «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը՝ անդրադարձի ավարտին հարցականի տակ թողնելով, թե արդյոք կպատժվեն մեղավորները: «Հայկական ժամանակ»-ի շեշտադրմամբ, «այստեղ գործ ունենք երկու անձերի կամ երկու խմբերի բախման հետ: Խոսքն այստեղ իշխանական կլանների խոշոր բախման մասին է, եւ Արմավիրում տեղի ունեցածը այս երեւույթի փոքր դրսեւորումներից մեկն է»: Մեկնաբանն այս ամենը տեսնում է նախընտրական գործընթացների տրամաբանության մեջ. - «Շուկան ոչ միայն տնտեսվարող սուբյեկտ է, ոչ միայն փող աշխատելու միջոց, այլեւ էլեկտորատի, մանավանդ գյուղական էլեկտորատի վրա ազդելու գործուն լծակ: Եվ ակնհայտորեն իշխանությունը փորձում է ԵԿՄ-ից վերցնել գյուղական էլեկտորատին կառավարելու լծակը, իսկ ԵԿՄ-ն ակնհայտորեն այն չի ուզում հանձնել»:

Ներկայացնելով երկրապահների ու զանազան պաշտոնյաների անձնական շահերով հագեցած, զգալի քանակության անօրինական, անվերահսկելի զենքի առկայությամբ այս բախումը, «Իրավունք»-ը ընդհանրացրել է. - «Ահա մի «սովորական» պատմություն, որը վկայում է, որ Հայաստանը ոչ թե իրավական, այլ բանդիտական պետություն է, որտեղ հարցերը լուծվում են ոչ թե օրենքներով, այլ բարձրաստիճան պետական այրերի «ռազբիրատներով»: Եվ եթե «վերեւներում» մի «օբյեկտ» չեն կարողանում կիսել, ավարտվում է կրակոցներով: Իսկ հետո դա «դուրս է գրվում» որեւէ «սլաքավարի» վրա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG