Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը այցելում է «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ





Հինգշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը այցելեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեւանյան գրասենյակ եւ բացառիկ հարցազրույց տվեց ռադիոկայանի թղթակիցներին:

Դեսպանին ուղղված առաջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան «Եվրասիա Վյու» ինտերնետային պարբերականի հետ հարցազրույցում վերջերս ասել էր. «Մենք Լեռնային Ղարաբաղը ընկալում ենք որպես Ադրբեջանի մաս եւ Ղարաբաղի կարգավիճակն ադրբեջանական է»: Արդյո՞ք սա Միացյալ Նահանգների դիրքորոշումն է:

Պատասխանելով այս հարցին, Ջոն Օրդուեյն ասաց, թե որեւէ կասկած չպիտի լինի իրենց դիրքորոշման հարցում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող սահմանները Խորհրդային Միության օրոք եղած սահմաններն են: Միաժամանակ դեսպանը ավելացրեց, որ սխալ կլինի կարծել, թե արդեն որեւէ ձեւով կանխորոշված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքը:

«Տարբեր մոտեցումներ են քննարկվել, որոնց ընթացքում ոչինչ չի ընդունվել, բայց եւ ոչինչ էլ չի բացառվել: Մեզ պետք է այնպիսի կարգավորում», - ասաց Ջոն Օրդուեյը, - «որը կապահովի տեւական կայունություն եւ ընդունելի կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»:

Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շահերը դատարանում պաշտպանող Էդիթ Խաչատրյանը, որը նախկինում գլխավորել է Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակը, անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցների հետ ունեցած զրույցից տպավորություն էր ստացել, որ «Ա1+» հեռուստընկերության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելիս դեսպանատանը լավ ծանոթ չեն եղել օրենսդրությանը»: Ջոն Օրդուեյը հերքեց, թե ամերիկյան դեսպանատունը փոխել է իր դիրքորոշումը «Ա1+»-ի խնդրում՝ ավելացնելով, որ իրենք չեն քննարկել օրենքի լավը կամ վատը ու դրա խախտված կամ չխախտված լինելու հարցերը:

«Մեր դիրքորոշումն այս դեպքում շատ պարզ է: Ցանկացած ժողովրդավարական հասարակության մեջ գոյություն ունի գաղափարների շուկա եւ մարդիկ, ընտրողները, ժողովուրդը պետք է ընտրություն կատարեն այդ գաղափարների ու թեկնածուների միջեւ: Իսկ եթե նրանք տեղեկատվություն չունեն, ապա չեն կարողանա իմաստուն եւ ճիշտ ընտրություն կատարել: «Ա1+»-ի արածներից մեկն էլ այն էր, որ շատ սակավաթիվ հեռուստաընկերություններից մեկը լինելով, հնարավորություն էր տալիս, որպեսզի որոշ կարեւոր քաղաքական ուժեր ու գործիչներ կարծիքներ ներկայացնեն: Ու եթե «Ա1+»-ը ի վիճակի չէ այդ ֆունկցիան կատարել, ապա հարկավոր է գտնել մեկ այլ եղանակ, որը նման հնարավորություն կտա: Սա է մեր հայտարարության իմաստը», -ասաց դեսպանը, ավելացնելով. - «Ընդդիմության՝ իր տեսակետներն արտահայտելու հնարավորության կորուստը թուլացնում է ժողովրդավարության աստիճանը եւ դա հիմնահարց է, որ ինչ-որ կերպ պիտի լուծում ստանա»:

Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, դեսպանն ասաց, թե առկա են որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրանց զարգացմանը:

«Դրանց մեծ մասը», - ասաց դեսպան Օրդվեյը, - «կապված է վստահության խնդրի հետ, երբ ներդրողը որոշակի ռիսկ է տեսնում, թե իր ներդրած գումարները կարող են կորչել: Ռիսկային գործոն կարող է դիտվել նաեւ հարկային եւ օրենսդրական անկատարության հանգամանքը: Ցանկացած բիզնեսմենի համար էական է, որ լինի կայուն ու հստակ համակարգ, ուր ինքը կարող է սեփական ներդրումը կատարել ու զարգացնել այն: Որոշ դեպքերում էլ իբրեւ խոչընդոտող հանգամանք դրսեւորվում են փակ սահմաններն ու տրանսպորտային այն դժվարին կացությունը, որում գտնվում է Հայաստանը»:

Այդուհանդերձ, Ջոն Օրդուեյի խոսքերով, Հայաստանում որոշ կարեւոր ներդրումներ կատարվել են, եւ իրենք առանձնացրել են 3 հեռանկարային ուղղություն: Խոսքը, առաջին հերթին, տուրիզմի ու հյուրանոցային բիզնեսի մասին է: Երկրորդ բնագավառը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, ուր, դեսպանի կարծիքով, Հայաստանը առաջատար դիրքեր է գրավում: Կան մի քանի ամերիկյան ընկերություններ, որ հաջողությամբ փոքրածավալ ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Դեսպանի առանձնացրած երրորդ ոլորտը գյուղատանտեսությունն է: Վերջին ուղղությամբ ամերիկյան կողմը մի քանի ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են շուկաների ծավալների մեծացմանն ու արտադրանքի որակի բարձրացմանը:

«Առանց նույնիսկ սպասելու, որպեսզի լուծվի ղարաբաղյան հակամարտության գլոբալ խնդիրը, ես տեսնում եմ, որ գոնե սահմանափակ մակարդակներում կան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներ», - ասաց Ջոն Օրդուեյը: - «Իհարկե, առկա են նաեւ որոշ պրոբլեմներ, որոնց շուրջ ամերիկյան կողմը համագործակցում է իր հայ գործընկերների հետ»:

Անդրադառնալով կոռուպցիան վերաբերող հարցին, դեսպանը ասաց. - «Կոռուպցիան խաթարում է քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության հիմքերը եւ սասանում մարդկանց հավատը իշխանությունների նկատմամբ: Տնտեսական առումով կոռուպցիան օտարերկրյա ներդրումների ճանապարհին եղած գլխավոր խոչընդոտներից մեկն է: Երեւույթը նաեւ ամբողջությամբ խափանում է այն լավ աշխատանքի արդյունքները, որ Հայաստանի կառավարությունը կատարում է մակրոտնտեսական մակարդակում: Կարծում եմ՝ հիմնահարցի գոյությունը խորությամբ ու լրջորեն գիտակցվում է: Դրան ինչ-որ ձեւով պետք է դիմակայել, սակայն այս պահին դեռ չկա կոռուպցիան նվազեցնելուն ուղղված որեւէ գործուն ծրագիր, թեպետ դա մեկ օրում հնարավոր չէ անել: Կառավարությունը այժմ այդ ուղղությամբ ծրագիր է մշակում, եւ մենք պատրաստ ենք աջակցելու կառավարությանը», - ամփոփեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG