Մատչելիության հղումներ

Քոլին Փաուելը մեկնաբանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը


Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչները Պրահայում իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն մայիսի 13-14-ը: Իսկ Չեխիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ դրանից մեկ օր առաջ Չեխիայում կհանդիպեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Մասնագետները կանխատեսում են, որ առաջիկա մեկ-մեկուկես տարում՝ մինչեւ բոլոր տեսակի ընտրությունների ավարտը Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում, իրադրությունը մնալու է սառեցված, նոր առաջարկներ չեն մշակվելու, եւ կողմերը ոչ թե փորձելու են մերձեցնել դիրքորոշումները, այլ ընդհակառակը՝ ծայրահեղական դիրքերից են հանդես գալու, ինչը թելադրված է նախընտրական տրամաբանությամբ:

Թեեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի բազմաթիվ հանդիպումները էական արդյունք չտվեցին, քաղաքագետները գտնում են, որ վերջին տարին զուր չի անցել: Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը Սենատի հատկացումների հանձնաժողովի օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովում մի քանի օր առաջ կայացած բյուջետային լսումների ժամանակ փաստել է. «Քի Ուեսթի հանդիպումը լավ հանդիպում էր: Եվ ես հույս ունեի դրանից հետո շատ ավելի մեծ առաջընթաց տեսնել, քան տեսանք: Ես հիասթափված եմ, որ մենք ի վիճակի չեղանք գործընթացն առաջ տանել: Բայց հիմա մենք հասնում ենք ամենադժվար հարցերին: Եվ երկու նախագահները շատ հստակ բանակցային դիրքեր են բռնել»:

Քոլին Փաուելը կարծիք է հայտնել նաեւ, որ հիմա երկու նախագահները փորձում են հասկանալ, թե ինչ կարող են «վաճառել», այսինքն՝ հրամցնել իրենց ժողովուրդներին:
«Քի Ուեսթից հետո ես հայտնաբերեցի, որ թեեւ այնտեղ որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվել եւ ուղղություններ նշվել, սակայն երբ նախագահները տուն վերադարձան ու փորձեցին հասկանալ, թե արդյոք կարող են դրանք հրամցնել իրենց ժողովուրդներին, պարզվեց, որ նրանք դրան պատրաստ չեն», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Փաուելի այս հայտարարությունից կարելի է ենթադրել, թե խոսքը հիմնականում Հեյդար Ալիեւի մասին է, քանզի հայկական կողմը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է վերացնել ղարաբաղյան թնջուկը Քի Ուեսթում ու Փարիզում մշակված սկզբունքների հիման վրա, այնինչ Ադրբեջանի նախագահը տուն վերադառնալով սկսեց ժխտել նման պայմանավորվածությունների առկայությունը:

Քոլին Փաուելը նաեւ գոհունակություն է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը հավատարիմ են մնում խաղաղության գործընթացին եւ քաղաքական լուծում են որոնում:

Սենատոր Միտչ Մըքքոնելը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Մինսկի խմբի ֆորմատը հարցի լուծմանը հասնելու լավագույն տարբերակն է: Չէ՞ որ այնտեղ ընդգրկված է նաեւ Ռուսաստանը, իսկ վերջինս, սենատորի կարծիքով, այնքան էլ չի ցանկանում, որ Հարավային Կովկասի հակամարտությունները կարգավորվեն:

Քոլին Փաուելը դրական պատասխան է տվել՝ ավելացնելով, որ Բուշի ու Պուտինի հարաբերությունները հիմա շատ ամուր են եւ նրանք պատրաստ են համագործակցության:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG