Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպես էինք տոնում մայիսի 1-ը», - հիշում-հիշեցնում է «Հայոց Աշխարհ» թերթը, ընդհանուր առմամբ ուրվագծելով, որ ինչքան մեծանում էր խորհրդային ղեկավարության կողմից մեկ շնչին ընկնող կեղծիքի ու սին խոստումների թիվը, մայիսմեկյան ցույցերն այնքան խանդավառ էին ձեւավորվում:

«Մեր անկախ հանրապետության կյանքում այսօր մեծ իրադարձություն է։ Հայաստանի տասնամյա պատմության ընթացքում առաջին անգամ պետականորեն նշում ենք Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, այն էլ՝ որպես ոչ աշխատանքային օր»։ - Եվ, ըստ «Առավոտ» թերթի՝ - «Սա կարող է նշանակել, որ. ա) մեզ մոտ վերջապես աշխատավորների այնպիսի մեծ քանակություն է ձեւավորվել, որ նրանք առանց այս տոնի իրենց կյանքը ոչ մի կերպ չեն պատկերացնում, բ) իսկը ժամանակն է, որ այդ աշխատավորները համախմբվեն ու դուրս գան մայիսմեկյան շքերթի։ Ինչպես նախկինում էր, «Սովետի ժամանակ», նրանք պետք է կուռ շարքեր կազմեն ու գնան իրենց շնորհակալությունը հայտնելու հայրենի կուսակցությանն ու կառավարությանը, տվյալ դեպքում՝ հարազատ նախագահին եւ, ինչու չէ, վարչապետին՝ հայրական հոգատարության ու անընդմեջ բացվող աշխատատեղերի համար։ Իսկ այս պայծառ տոնն իրենց ճղճիմ քաղաքական նպատակների համար օգտագործողներին պետք է արժանի հակահարված տալ... Այսօր չի կարելի իշխանությունների հասցեին որեւէ թթու խոսք ասել, ընդդիմադիր հայացքներ ունեցողները միտինգներում ու երթերում անելիք չունեն։ Թե չէ», - եզրափակել է «Առավոտ»-ը, - «նրանց պատճառով Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է վերանայել իր դրական կանխատեսումները։ Կամ կարող է սկսվել կովկասյան մեծ պատերազմ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սարսափելի բաներ են մեզ սպասում, եթե մենք մե'զ եւ ոչ թե Քոչարյանին պատկերացնենք այս երկրի տերը»։

Հին ու նոր մայիսմեկյան խանդավառություններից ավելի անցնելով օրախնդիր հաշվարկներին, «Առավոտ»-ի խմբագիրն այսօր քննում է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Դաշնակցության (ՀՅԴ) հնարավոր ամուսնության տեսլականը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ. - «Կառավարման նախագահական համակարգը ենթադրում է ուժերի հստակ բաժանում՝ գործող նախագահին կողմ եւ դեմ, նախագահամետ ուժերի որոշակի կոնսոլիդացիա: Ինչո՞ւ առաջին հերթին հենց նախագահամետ ուժերի. որովհետեւ նրանք արդեն իսկ օգտվում են իշխանական լծակներից (եւ, հետեւաբար, տնտեսական բարիքներից) ու լի են վճռականությամբ՝ դրանք պաշտպանելու»: Խմբագրի հայացքով, շատ բնական կլիներ, «եթե Ռոբերտ Քոչարյանն իր մոտ կանչեր ՀՅԴ-ի եւ Հանրապետական կուսակցության ղեկավարներին ու պահանջեր, որ այդ երկու կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում նախընտրական դաշինք կազմեն՝ հետագայում պաշտոններ խոստանալով գործադիր եւ օրենսդիր իշխանության ամենայուղոտ տեղերում»: «Հանրապետականները նման նախընտրական միավորում ստեղծելու համար որեւէ խոչընդոտ չունեն: ՀՅԴ վերնախավը եւս դեմ չէր լինի այդ հերթական նոմենկլատուրային միավորմանը, բայց շարքային դաշնակցականները դժվար թե ոգեւորված լինեն նման հեռանկարով», - կարծում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Միավորմանը կարող է խանգարել նաեւ Սերժ Սարգսյանը, որը, ինչպես հայտնի է, խոչընդոտում է Դաշնակցության լիակատար մուտքը գործադիր իշխանություն»: «Առավոտ»-ում ամփոփված է. - «Եթե ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը, այնուամենայնիվ, կայանա, ապա մենք գործ կունենանք 1995-ի «Հանրապետության» կամ 1999-ի «Միասնության» հերթական տարբերակի հետ: Դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Անդրադառնալով հանրահավաքային ուղին բռնած 13 կուսակցությունների «Հանուն ժողովրդավարության» համագործակցության անունից երեկ խորհրդարանում հնչեցված հայտարարությանը, «Ազգ» թերթի մեկնաբանը գնահատում է. «Որքանով է այսօր իրատեսական մեկ թեկնածուով 13 տարբեր կուսակցությունների հանդես գալը, դեռեւս անհնար է պատկերացնել։ Առավել եւս, որ ընդհանուր գործունեության մշակման առումով տեսակետներն ընդդիմությունում խիստ տարբեր են»։

Երկրապահների երկար սպասված համագումարն էլ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի մատուցմամբ, «ինչպեսեւ սպասվում էր, անցավ համեմատաբար հանդարտ մթնոլորտում»: ««ԵԿՄ-ն երբեք իր առջեւ քաղաքական նպատակներ չի դրել եւ չի դնելու: Մենք միշտ եղել ենք շանթարգելի դերում եւ շարունակելու ենք մնալ այդպիսին: Մենք պատրաստ ենք հաշտեցնողի դեր խաղալ իշխանությունների եւ ընդդիմության արանքում»: Էկրանին հնչեցնելով ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը՝ ԵԿՄ վերնախավը փորձեց ուղղորդել համագումարի ընթացքը, սակայն Գրետա Սարգսյանի ելույթը հիմնահատակ քանդեց համագումարի ողջ տրամաբանությունը», - շեշտադրվում է «Հայկական ժամանակ» թերթում: Մեջբերվում է եւ բուռն ծափահարությունների արժանացած այս ելույթին ԵԿՄ նորընտիր վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի արձագանքը. - «Դե որ ընձիկ է ասել, լավ է արել, հըլը քիչ է ասել, հըլը պտի գնանք, որ էլի ասի»:

Այս համագումարի տարակուսալի դրսեւորումներից «Մարտահրավեր» վերնագրի տակ «Առավոտ»-ը առանձնացրել է այսպիսի մի դրվագ էլ. «ԵԿՄ վարչության անդամ վերընտրվեց Մուշեղ Սաղաթելյանը, որն այժմ ազատազրկված է եւ մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպելու մեջ։ Համագումարի պատվիրակները նախ ծափերով արձագանքեցին, երբ պարզվեց, որ համագումարի կազմկոմիտեի առաջարկած ցանկում արդեն իսկ կա նրա անունը։ Ծափահարեցին նաեւ, երբ հրապարակվեց նրա անունը՝ որպես ԵԿՄ վարչության անդամ եւ, ի դեպ, ծափահարողների մեջ էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը»։ «Հայկական ժամանակ»-ի որակմամբ, «այս փաստը վերստին ցույց է տալիս, թե ներքին ինչ տվայտանքներ է ապրում ԵԿՄ-ն, եւ բացահայտում է նրա խեղճ վիճակը»:

«Վերջապես փրկարար օդանցքը բացվեց՝ հանցավոր վարչախումբը անկարող գտնվեց փակել Եվրոպական դատարանի դռները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ», - հեգնում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Ընդդիմադիրները ինքնադրսեւորվելու նոր շանս են ստանում: Բայց հասարակությունը մեր երկրում մարդու իրավունքների խախտումների մասին նրանց աղմուկին հավատալու քիչ հիմքեր ունի», - ընդգծում է մեկնաբանը, - «քանզի հենց արմատական ընդդիմության շնորհիվ իրականացավ մեր երկրում մարդու իրավունքների ոլորտի հիմնարար վարկաբեկման գործընթացը: Սրանց որ թողնես, օրումեջ ակնթարթորեն քաղբանտարկյալ կհունցեն՝ շարքային գող-ավազակին ու սանձարձակ օրինազանցին հանրությանը ներկայացնելով որպես հալածյալ ու հետապնդվող... Ընդդիմադիրների մատուցած վերջին նմուշը «քաղբանտարկյալ» Մուշեղ Սաղաթելյանն էր, որը հենց ինքն է բռնացել, խոշտանգել ու նվաստացրել մարդկանց»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG