Մատչելիության հղումներ




Թեեւ այսօր տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 5-րդ համագումարում փորձ արվեց խուսափել սուր հարցադրումներից, hանգուցյալ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, մեղմ ասած, ամոթանք տվեց որդու զինակիցներին:

«Ամենից առաջ դուք չսատարեցիք, դուք տեր չկանգնեցիք «Հոկտեմբեր 27»-ին», - ասաց տիկին Գրետան: - «Ի՞նչ է անում Երկրապահը: Գոնե մեկ անգամ հայտարարությամբ, որեւէ բանով հանդես գալի՞ս է իր ընկերներին պաշտպանելու, իր՝ Երկրապահի պատիվը պաշտպանելու: Ոչ մի անգամ, ոչ մի հարցում: Բա ո՞վ պիտի ձեզ պաշտպանի, եթե դուք հիմա չեք կարողանում ձեզ պաշտպանել»:

Տիկին Գրետայի խոսքերով, Երկրապահը միայն կռվելու համար չէ՝ ով պահպանում է երկրի սահմաները, նա էլ երկրի տերն է. - «Տեր կանգնեք այս երկրին, այս ժողովրդին»:

Իսկ համագումարն այսօր սկսվեց ԵԿՄ 3-րդ համագումարում Վազգեն Սարգսյանի ելույթի այն հատվածի ցուցադրմամբ, ուր հանգուցյալ վարչապետը ասում է, որ Երկրապահը մնում է հասարակական կազմակերպություն, եւ կուսակցական, քաղաքական նպատակներ իր առջեւ չի դնելու:

Դա, թերեւս, նպատակ ուներ կանխելու, որ համագումարում քաղաքական հարցեր չբարձրացվեն: Չեզոքության դիրքորոշումը պահպանվեց նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ելույթում:

Վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում շեշտեց, որ Երկրապահի խնդիրը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումն է, տնտեսության հզորացումը:

Երկրապահներին ամենահուզող խնդիրներից մեկը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումն է: Շատերն էին անդրադառնում այդ հարցին: Վարչապետի խոսքերով, կարեւորը պատճառները եւ հանցագործության հետեւում կանգնած մարդկանց (եթե այդպիսիք կան) բացահայտելն է:

«Եթե այս անգամ չբացահայտենք, ապա սա անընդհատ կրկնվելու է», - ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Երբ Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե ոչ ոք չի կարող ասել երբ կբացահայտվի «Հոկտեմբերի 27»-ի գործը, ու եթե «մեկնումեկը մինչ այդ հայտնի, թե ով է արել, բայց չկարողանա ապացուցել, ուրեմն նա էլ է դավաճան, նա էլ է խփող», Վազգեն Սարգսյանի մայրը դահլիճից արձագանքեց. - «Ես ասել եմ, բայց ես դավաճան չեմ»:

«Տիկին Գրետա, դա ձեզ չի վերաբերում», - ի պատասխան ասաց վարչապետը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով՝ «ծառայել պետականությանը ուրիշ բան է, իշխանություններին ծառայելը լրիվ ուրիշ բան է», եւ չնայած հաճախ են ասում թե երկրապահը հասարակական կազմակերպություն է, բայց յուրաքանչյուրը կարող է դիրքորոշում հայտնել ցանկացած հարցի կապակցությամբ:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր իրավունքները եւ ժողովրդի իրավունքները», - կոչ արեց Ալբերտ Բազեյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG