Մատչելիության հղումներ




Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այսօր հայտարարեց, թե առաջիկայում 2,5-3 անգամ կնվազեն համակարգի գերկորուստները, որոնք այժմ էլեկտրական հոսանք արտադրողներից մինչեւ վերջնական սպառողներն ընկած լաբիրինթոսում կազմում են տարեկան 50-60 մլն դոլար:

Նախարար Մովսիսյանը պաշտոնավարում է 3 ամսից քիչ ավելի, սակայն հասցրել է որոշ չափով բարեփոխել բաշխիչ ցանցերը, ու դրա հաշվին գերկորուստները կրճատվել են 6 տոկոսով։ Այդ ընթացքում հանրապետության 4 բաշխիչ ցանցերը միավորվել են, ինչի հետեւանքով լուծարվել են որոշ տեղամասեր եւ 3500 մարդ ազատվել է աշխատանքից: Այսպիսով, գերկորուստների կրճատման բանաձեւը ավելի քան պարզ է. ինչքան քիչ մարդ՝ այնքան քիչ մութ գործարքներ՝ տեսուչների եւ սպառողների միջեւ։

Երեք ամսվա ընթացքում չարաշահումներ թույլ տված 70 էներգետիկների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, պատճառված վնասների 10-ը տոկոսը վերականգնվել է:

«Այս պահին ներկայացրել են իմ ստորագրման հերթական 33 մարդու գործեր, որոնք չարաշահումների արդյունքում պետք է գնան քրեական պատասխանատվության», - ավելացրեց նախարարը:

Մովսիսյանի խոսքերով, հաջվողվել է կայունացնել էներգետիկ համակարգի ֆինանսական վիճակը. ընթացիկ աշխատավարձերը վճարվել են, մասամբ մարվել են հին պարտքերը: Գազի դիմաց վճարումները եւս լրիվ չափով արվել են, ու միաժամանակ հաջողվել է «Իտերա» ընկերությանն համոզել չբարձրացնել գազի սակագինը:

Նախարարն ասաց, որ եթե գործերն այսպես ընթանան, ապա մինչեւ տարեվերջ Ատոմակայանի համար միջուկային վառելիքի նոր խմբաքանակ գնելու համար ֆինանսական պրոբլեմներ չեն լինի:

Այդուհանդերձ, էներգետիկ խնդիրների արմատական լուծման ելակետը ցանցերի մասնավորեցումն է: Ըստ Մովսիսյանի, մինչեւ տարեվերջ կհայտարարվի ցանցերը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը: Ցանցերի վաճառքի նախորդ երկու ձախողված փորձերը, նրա խոսքերով, դրական նշանակություն են ունեցել՝ հավանական գնորդներին թույլ տալով ծանոթանալ մեր ցանցերին:

Վերջերս եվրոպական միության փորձագետները անհավանական էին համարել Իրան-Հայաստան գազատարի ձգձգվող շինարարությունը: Անդրադառնալով դրան, նախարարը ասաց, թե այդ ուղղությամբ աշխատանքները ընթանում են՝ Հայաստանի եւ Իրանի նախագահների՝ անցած տարվա դեկտեմբերին ստորագրված հուշագրի համաձայն:

Իրան-Հայաստան գազատարի շինարարության շուրջ առաջին համաձայնությունները ձեռք էին բերվել դեռեւս 1992 թվականին, 1995-ին ստորագրվել էին մտադրությունների առաջին հուշագրերը:

Արմեն Մովսիսյանը բացառում է Մեծամորի ատոմակայանը նախատեսված ժամկետից շուտ փակելու հնարավորությունը: Միաժամանակ՝ չի բացառում Ռուսաստանի հետ կայանը համատեղ շահագործելու տարբերակը:

«Մեր նման փոքր երկրի համար ատոմակայան շահագործելը միայն սեփական միջոցներով բավականին բարդ է», - ասաց նախարարը: - «Մենք փորձում ենք գտնել ավելի արդյունավետ տնտեսավարման մեխանիզմներ: Ընթացքում կերեւա, թե որ ձեւը կնախընտրենք»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG