Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առաջին տիկնայք մտադիր են ընկերուհիներ դառնալ», - առաջին էջի ճակատին այսօր շեշտում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ «Ռուսերենը կրկին բարեկամության կամուրջ դարձավ» վերնագրի տակ ամփոփելով Ռուսաստանի նախագահի տիկնոջ այցը Հայաստան: «Հայ ժողովրդի բարեկամ» ձեւակերպումը թերեւս ամենաընդհանրականն է այսօրվա մամուլում Ալեքսանդր Լեբեդի մահվան կապակցությամբ անդրադարձերում: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մասնավորապես, «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. «Հիրավի առասպելներով պարուրված այդ մարտական գեներալը խաղաղություն էր ճառագում: Խորապես համոզված եմ, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այդ վառ, հրաշալի անհատին, որը վճռորոշ դեր է խաղացել մեզ համար ամենադրամատիկ օրերին»:

«Իրավունք» թերթի տեղեկություններով, Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանները Լեւոն Տեր-Պետրոսյանի պատվին օրերս ընդունելություն էին կազմակերպել՝ շոշափելու նրա տրամադրությունը. 2003-ի նախագահական ընտրություններում նա առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ:

Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում շեշտադրում է. «Հայաստանի ռազմավարական նպատակները պետք է լինեն Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը»: Նա համոզված է, որ այս երկու սկզբունքների շրջանակում է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: «Այլ՝ միջանկյալ դիրքորոշումներ չեն կարող ընդունելի լինել ո'չ Հայաստանի համար, ո'չ էլ այն ուժերի, որոնք այսօր միացյալ կերպով ստեղծում են աշխարհում նոր՝ եւ' քաղաքական, եւ' տնտեսական, եւ' ռազմական համակարգեր: Այսօր մենք ոչ միայն ետ ենք ընկել, այլեւ դուրս են մնացել գլոբալ գործընթացներից... Կոմպլեմենտարիզմ կոչվածը ընդամենը արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի ղեկավարների անկարողությունը թացքնելու ձեւ է», - գնահատում է Արարքցյանը: - Բացարձակապես անընդունելի ու անհեռանկար է նկատվում այն միակ անվտանգության համակարգը, որին 2000 թվականից մասնակից է Հայաստանը. «Մի համակարգ, որին մասնակից են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղըրղզստանը, մի համակարգ, որի մասնակից պետությունների հետ Հայաստանը չունի ընդհանուր սահման... Անդամակցումը այս համակարգին վտանգում է հենց Հայաստանի անվտանգությունը»:

Հայաստանի ներքին անցուդարձի մասով էլ Բաբկեն Արարքցյանը, մասնավորապես, ընդգծում է. «Այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս կասկածի տակ է դրվում Քոչարյանի լեգիտիմությունը: Ընդունելով նրա առաջարկած Սահմանադրությունը, որը ինքն արդեն սկսել է անվանել «իմ Սահմանադրություն», Քոչարյանը լուծում է իր համար ամենացավոտ հարցը՝ լեգիտիմությունը: Եթե ընդունվի նոր Սահմանադրություն, դա կլեգիտիմացնի Քոչարյանին: Միեւնույն ժամանակ, քոչարյանական նախագիծը թույլ է տալիս այն անձին, որը զբաղեցնում է հանրապետության նախագահի պաշտոնը, հավերժացնել իր իշխանությունը»:

«Ո՞վ է իշխանամետ, ո՞վ է ընդդիմադիր. սատանան գիտի...», - ձեւակերպել է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ նայելով Ազգային ժողովում քվեարկությունների, կողմնորոշումների վերջին մի քանի արդյունքներին: Արձանագրելով, թե «Խորհրդարանը սառեցնում է բարեփոխումների արդյունքները», «Ազգ»-ի մեկնաբանը, որպես հիմնական մեղավոր, մատնանշում է վարչապետի հանրապետական կուսակցությանը, իսկ վերջինիս քայլերի հիմքում՝ վստահ չլինելը, որ «սեփական ուժերով, արդար ընտրությունների դեպքում կարող են հաղթահարել խորհրդարան մտնելու հինգ տոկոսի արգելանքը»։

Մայիսի 1-ի նախօրեին «Հայաստանի կոմունիստ» թերթի ճակատին կրկին հայտնվել է «Ինչեր միայն չեն կատարի ամբոխները խելագարված» կարգախոս-ակնարկը եւ Ֆրիդրիխ Էնգելսից հետեւյալ մեջբերումը. «Երբ մարդկանց դնում են միայն կենդանիներին վայել պայմանների մեջ, նրանց ոչինչ չի մնում անելու, քան՝ կամ ապստամբել, կամ իսկապես փոխակերպվել կենդանիների»:

Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության միջազգային օրը, մի շարք լրատվամիջոցներ նախատեսում են նշել բողոքի զանգվածային միջոցառումներով: Երեւանի քաղաքապետարանը, սակայն, չի արտոնել երթի անցկացումը, հիմնավորելով այսպես. «Լինսի հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի կենտրոնական փողոցների տարբեր հատվածներում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով երթի թույլտվության հարցերը մեր կողմից մերժվում են»։ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում սա ներկայացվում է, կարծես, Լինսի հիմնդրամի կողմից մարդու իրավունքների ոտնահարում: Երթը, ամեն դեպքում, կայանալու է:

Կառուցապատում՝ ընդհանուր առմամբ դրական երեւույթը տեղի ու արժեքների բերումով մեզանում հաջողացրել է բացասական տրամադրություններ առաջ բերել եւ այլ դրսեւորմամբ: «Օպերայի անմիջական հարեւանությամբ այժմ ընթանում է մի քանի օբյեկտների միաժամանակյա շինարարություն: Դա ճարտարապետական առումով բարբարոսություն է», - որակված է «Օր» թերթում: - «Եթե այսպես շարունակվի, ապա կատաղի փողեր կամ հզոր հովանավոր ունեցող ինչ-որ մեկի խելքին կարող է փչել սրճարան կամ ռեստորան կառուցել Էջնիածնում, Մայր Տաճարի բակում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG