Մատչելիության հղումներ

Խորհրդարանական մեծամասնությունը զիջումների է գնում Ընտրական նոր օրենսգրքի քվեարկության նախօրեին


Ազգային ժողովում այսօր քննարկվում էր նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական (Հայաստանի հանրապետական կուսակցություն) պատգամավոր Վարդան Բոստանջյանը առաջարկեց փաստաթուղթն ընդունել «առաջին ընթերցմամբ՝ առանց 23֊-րդ հոդվածի»: Իսկ օրենսգրքի նախագծի այդ հոդվածով նախատեսվող փոփոխությունը առանցքայիններից մեկն է:

«Հետո այդ հոդվածի առիթով առաջարկությունները մշակենք ու որոշենք ընդունելին», - ասաց Վարդան Բոստանջյանը:

23֊-րդ հոդվածը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքին: Առաջարկվող օրինագծով՝ հանրապետության նախագահին է տրվում հանձնաժողովների անդամների մի մասին նշանակելու իրավունքը:

Ընտրական հանձնաժողովներում՝ կենտրոնականից մինչեւ տեղամասային, անդամներ նշանակելու սկզբունքը թողնելով նույնը՝ քաղաքական ուժեր եւ գործադիր իշխանություն, այս նախագիծը մեծացնում է գործադիր իշխանության իրավունքը՝ այն կառավարությունից փոխանցելով երկրի նախագահին:

Բոստանջյանի հայտարարությունից ակնհայտորեն դժգոհ էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

Ավելի ուշ Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նման առաջարկը մյուս հեղինակների հետ համաձայնեցված չէր: «Դա թյուրիմացություն էր», - ասաց խորհրդարանաի փոխխոսնակը, ավելացնելով, թե պայմանավորվածություն է եղել, որ Բոստանջյանը պիտի հայտարարի՝ հեղինակները որպես փոխզիջում առաջարկում են ամրագրել, որ հանձնաժողովում երկրի նախագահը երեք անդամ է նշանակում (նախագծով նախագահի կողմից նշանակվելիք անդամների թիվն ավելի էր):

Տիգրան Թորոսյանը համոզված է, թե առաջարկվող փոփոխությունները բարեփոխում են ընտրական օրենսգիրքը, իսկ որպեսզի աշնանը տեղական ընտրություններին սա արդեն օրենքի ուժ ունենա, պետք է այս եռօրյայում առաջին ընթերցմամբ անպայման ընդունվի: Այդ դեպքում ժամանակ կլինի ոչ միայն առաջարկությունները համակարգելու, այլեւ՝ օրինագիծը միջազգային փորձաքննության ներկայացնելու:

«Միասնության» անունից իր ելույթում խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու, քանի որ իրենց ներկայացրած օրինագիծն է, ավելացնելով, թե պատրաստ են առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվելուց հետո ստեղծել բոլոր խումբ-֊խմբակցությունների ու անկախ պատգամավորների մասնակցությամբ աշխատանքային խումբ՝ առաջարկությունները համակարգելու համար:

Օրինագիծը քվեարկության կդրվի վաղը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG