Մատչելիության հղումներ

Իշխանափոխությունը պետք է իրականացվի արտահերթ ընտրությունների միջոցով, ասում է ընդդիմության ղեկավարը


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը հեռարձակման կապուղուց զրկելու առիթով Հայաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքներից վերջինում հրապարակված միասնական հայտարարության մեջ առաջնահերթ է համարվում սահմանադրական ճանապարհով Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի հեռացումը իշխանությունից եւ արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանության հաստատումը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը միասնական հայտարարությունը «բեկումնային» է համարում: Նրա մեկնաբանությամբ, դաշնակից ընդդիմադիր կուսակցությունները աստիճանաբար եկել են համոզման, որ քանի դեռ նախագահը Ռոբերտ Քոչարյանն է, երկրում բարեփոխումներ չեն լինի:

Ընդդիմադիրների պահանջներում արձանագրված «որոշակի բեկումը» ըստ էության նորություն չէ: Ընդդիմության առանցքային կուսակցությունները առաջին անգամը չէ, որ իշխանափոխության պահանջ են դնում: Առաջին հանրահավաքներում եւս, խոսքի ազատությունից բացի, շատ ելույթներում պահանջվում էր հանրապետության նախագահի հրաժարականը:

Նախագահական հերթական ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել: «Հանրապետություն» կուսակցությունում, սակայն, կարծում են, որ իշխանափոխությունը պետք է իրականացվի արտահերթ ընտրությունների միջոցով:

«Միայն արտահերթ ընտրություններում հնարավոր կլինի քիչ թե շատ պահպանել ընտրությունների օրինականությունը», - հիմնավորեց Ալբերտ Բազեյանը: - «Հերթական ընտրությունների ժամանակ ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար մենք շատ չնչին հնարավորություններ ենք տեսնում»:

Նրա խոսքերով, հերթական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը ապահովելու համար իշխանությունը կենտրոնացնելու է վարչական լծակները, ուժային կառույցները, երկրի ֆինանսական հնարավորությունները, քարոզչամիջոցները:

Ընդդիմությունը, այդուհանդերձ, չի բացառում, որ իշխանափոխության կարելի է հասնել հերթական ընտրությունների միջոցով: Նրանց քաղաքական օրակարգից այդ տարբերակը հանված չէ:

Ընդդիմությունը մտադրություն է հայտնել նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել: ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) վարչության քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անձերի հարց դեռեւս չի քննարկվել՝ շատ ավելի էական գնահատելով, որ ընդունվել է «միասնական թեկնածուի գաղափարը»:
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը իշխանափոխության պահանջներ դնում է, բայց վերջին միասնական հայտարարությանը չի միացել: Գեղամյանը հերքեց, թե դա մոտեցումների հարցում որոշակի փոփոխությունների հետեւանք է, ավելացնելով, որ իր ղեկավարած կուսակցությունը «անվերապահորեն համաձայն է» հայտարարության տեքստին:

Իսկ հայտարարություն տակ չեն ստորագրել, որովհետեւ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին «եռյակի» նմանատիպ հայտարարության տակ «Ազգային միաբանություն»-ը ստորագրել էր, ու քանի որ դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա, նպատակահարմար չեն համարում հերթական անգամ ամրագրել նույնը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG