Մատչելիության հղումներ

logo-print



Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ), որը «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակման կապակցությամբ սկսված հանրահավաքները նախաձեռնած 14 կուսակցություններից մեկն էր, չի միացել ուրբաթ օրը հրապարակված միասնական հայտարարությանը:

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը թեեւ ասաց, որ իրենք «չեն մերժում մասնակցությունը այդ հանրահավաքներին», ավելացրեց, սակայն, որ իշխանափոխության հարց չի դրվում, քանի որ «անհատի փոփոխությամբ հնարավոր չէ հաղթահարել սոցիալ-տնտեսական ճգնաժամը երկրում»:

Մյուս կուսակցությունների հետ համագործակցության համար անհրաժեշտ ընդհանուր ծրագրերի հիմքում հայ կոմունիստները տեսնում են մի շարք հիմնական նպատակներ, որոնց շարքում, ի թիվս Ռուսաստան - Բելառուս միությանն անդամակության, տնտեսության գերշահութաբեր ճյուղերի ազգայնացման, Ղարաբաղյան խնդրի քննարկման հրապարակայնության, տեղ է գտել նաեւ իշխանության համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:

Վլադիմիր Դարբինյանը տեղեկացրեց նաեւ, որ կոմունիստները պատրաստվում են մայիսմեկյան «կարմիր երթի», որին մասնակցելու հրավեր են ուղարկել ինչպես Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Սիրիա) դեսպաններին, այնպես էլ հայաստանյան ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), «Հանրապետություն» եւ «Սպայի պատիվ» կուսակցություններին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG