Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արմատական, ավելի ճիշտ՝ ագրեսիվ ընդդիմության երեկվա հերթական հանրահավաքին նախորդներից համեմատաբար քիչ հանդիսատես էր ներկա», - փոխանցում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Հանրահավաքների շարքում անընդհատ նույն բանը լսելը վաղ թե ուշ հոգնեցնում է մարդկանց»: «Ազգ» թերթի որակմամբ՝ «Իրականում, դա հանրահավաք չէր, այլ թատրոն... Մարդիկ ծուլորեն հեռանում էին՝ չսպասելով դրա ավարտին։ Ոչ ոք չէր ցանկանում թատրոն խաղալ, այն էլ՝ երկրորդական դերեր»։

Հիմնականում նկարագրային է «Հայկական ժամանակ»-ի անդրադարձը: Առանց հատուկ ոգեւորության թղթակիցը առանձնակի կարեւորում է միայն կուսակցությունների՝ «Հանուն ժողովրդավարության» կոչվող համագործակցության հայտարարությունը: «Հավաքվածների քանակը չէր ավելացել, եւ նույնիսկ հակառակը՝ նոսրանալու միտում ուներ: Ի վերջո, տրամաբանորեն հանրահավաքային ալիքը պիտի որ սպառվեր», - նշվում է «Օր» թերթում: - «Այս գիտակցությունը երեւի թե կա նաեւ կազմակերպիչների մոտ: Հաջորդ շաբաթ հանրահավաք չի լինելու, լինելու են մտորումներ հետագա ճանապարհի մասին: Ամեն դեպքում՝ ընդդիմադիր կուսակցությունները խոստացել են մշակել ու ժողովրդին ներկայացնել միասնական ծրագիր: Ժամանակ նրանք ունեն: Դեռեւս ունեն...»:

«Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակումը այս երկրում թվում է, չասենք՝ անխուսափելի, համենայնդեպս՝ անհրաժեշտություն», - գրում է այսօր «Առավոտ»-ի մեկնաբաններից մեկը: - Ընդ որում՝ «եւ' այն դեպքում, եթե Քոչարյանը որոշի նախագահության թեկնածու առաջադրվել, եւ' այն դեպքում, եթե որոշի չառաջադրվել»: Առաջադրվելու դեպքում «հասարակության նախընտրական «վերբովկան», միեւնույն է, իրականացնելու է Սարգսյանը: Հետեւաբար նրան պաշտպանության նախարարի պաշտոնում թողնելը էական խնդիր կստեղծի նախընտրական արշավում: Որքան էլ Սերժ Սարգսյանը քաղաքական ֆիգուր է, միեւնույն է, ի պաշտոնե պաշտպանության նախարարի ազդեցությունը ուժային ճնշում է նշանակելու եւ' Հայաստանի հասարակության, եւ' միջազգային հանրության համար»: Մեկնաբանը եզրափակել է այսպես. «Եթե Քոչարյանը չի առաջադրվում նախագահ, գործադիր ողջ իշխանությունը եւ լծակները հայտնվում են վարչապետի ձեռքում... միայն վարչապետի աթոռ զբաղեցնող Սերժ Սարգսյանը կարող է անձեռնմխելիության երաշխիք լինել Քոչարյանի համար եւ առանց առճակատման իշխանության ժառանգականություն ապահովել այս երկրում»:

«Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման բոլոր ժամկետները անցան, սակայն հասարակությունն այդպես էլ չկարողացավ տեղեկանալ սույն հուզիչ գործընթացի արդյունքների մասին», - անդրադարձել է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Երբ օրենքի ընդունումից հետո պաշտոնյաները պատասխանում էին լրագրողների հարցերին, հասարակությունը հանգեց եզրակացության, որ վերջապես իրականացել է բոլշեւիկների երազանքը. ելել է, ում կյանքը անիծել է, ով մերկ է ու սոված... Պարզվեց, որ բոլոր հայրենի պաշտոնյաները աղքատ են եկեղեցու մկան պես, իսկ իրենց պերճաշուք առանձնատներն ու թանկարժեք մեքենաները գնել են մանուկ հասակում պաղպաղակի փողերի խնայողություններով»: Մի խոսքով՝ «Պետական այրերը մարդկանց աչքերից միշտ էլ հեշտությամբ կթաքցնեն ոչ միայն իրական եկամուտները, թանկարժեք առանձնատները, ճոխ մեքենաները, խանութները, ֆիրմաները, ոսկին ու ադամանդները, այլեւ իրենց քամահրական քմծիծաղը: Եվ այդ քմծիծաղը, թերեւս, ամենավտանգավորն է հասարակության համար»:

«Օր» թերթի խմբագրականը եւս նվիրված է բարձրաստիճան պաշտոնյաներին. «Նրանց հեշտությամբ կարելի է տարբերել «հասարակ մահկանացուից»: Ինքնագոհությունը դաջված է կուշտ դեպքերին: Նրանց ամեն ինչ է կարելի, քանի որ միաժամանակ ունեն դիրք, պաշտոն եւ, վերջապես, ամենակարող փողը... Նրանց կարելի է տեսնել հատկապես գիշերային ուշ ժամերին, ռեստորանների ու գիշերային ակումբների առջեւ, զմայլվել հայ իրականության ու չափանիշների մեջ ոչ մի կերպ չտեղավորվող նրանց արդուզարդով, հագուկապով, շքեղաշուք մեքենաներով... Սրանք չէին նյարդայնացնի մեզ՝ «հասարակ մահկանացուներիս», եթե այդ շքեղության կողքին՝ ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ, մայրաքաղաքի ծայրամասերում ու մարզերում չլիներ այն համատարած գորշությունն ու թշվառությունը, որն իրողություն է, եւ որի առջեւ, վերջիվերջո, աչք չեն կարող փակել նրանք՝ արտոնյալներն ու երկրիս իշխանավորները»:

Ընդարձակելով «Ոչ ոք մեզ չի սիրում» երեւույթի սահմանները, «Առավոտ»-ի խմբագրականը համադրել է. «Մենք այստեղ՝ Հայաստանում, շարունակում ենք Ռուսաստանին սեր բացատրվել, մեծարում ենք Ռուսաստանը՝ որպես մեծ եղբոր եւ հիմնական ռազմավարական գործընկերոջ: Իսկ Ռուսաստանում այսօր ամենաշատը նեղացնում են հենց հայերին... Ռուսաստանի համար մենք ընդամենը «կովկասցի» ենք, «ապօրինի ներգաղթածներ»։ Ու հենց սա է Ռուսաստանը ցանկանում մեր գլուխը մտցնել։ Սակայն առայժմ՝ ապարդյուն»։

Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն այսօր կարծես հստակ, ընդգրկված արեւելում չունի: Դա, իհարկե, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը ձգտում է Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հարաբերություններում հավասարակշռություն պահպանել... Այս մտահոգությունը ռուսական քաղաքական շրջանակներում առկա է: Սակայն, մյուս կողմից, միայն դրանցով ապրելն էլ այլեւս անհնար է: Ռուսաստանը, ի վերջո, պետք է վերագտնի իր դերակատարությունը մեր տարածաշրջանում, ինչը անհրաժեշտ է նաեւ Հայաստանին»: Վահան Հովհաննիսյանը նաեւ ընդգծել է. - «Մեր խնդիրն է ամերիկյան կողմին ցույց տալ, որ իր հետապնդած նպատակների իրագործումը չի կարելի վերահասցեագրել Թուրքիային: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ավելի ճկուն քաղաքականություն վարել: Այլապես Թուրքիայի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում այնքան ընդգծված եւ ակնհայտ հակահայկական բնույթ ունի, որ մենք ուղղակի այլընտրանք չենք ունենա»:

Մոտ ապագայում նոր անունով, թարմացված կազմով վերսկսում է երկխոսությունը թուրք-հայկական հաշտեցման հանձնախումբը։ Եվ դա, «Ազգ»-ի մեկնաբանի հայացքով, պաշտոնական Երեւանին կարող է դնել չափազանց բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, ենթարկել հոգեբանական, քաղաքական ճնշումների։ «Հայ-թուրքական «ճակատում» պաշտոնական Երեւանի այսօրվա «անկյունված» վիճակը կարող է շատ թանկ նստել», - շեշտված է «Ազգ»-ում։ - «Մայիսի 14-ին սպասվում է Օսկանյան - Ջեմ հանդիպումը, ինչը, անկախ արդյունքներից, անհրաժեշտություն է եւ ողջունելի։ Այլապես, հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը մի քանի բախտախնդիրների քմայքներին թողնելու դեպքում Երեւանը շատ կզղջա»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG