Մատչելիության հղումներ

Հայաստանը բժիշկներ ու դեղորայք է ուղակում Վրաստան





Ուրբաթ օրը Թբիլիսի մեկնեց հայ բժիշկների երկու խումբ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու երեկ Վրաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածներին:

Վրաստանի մայրաքաղաք է մեկնել նաեւ Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական խումբը, որը գլխավորում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Սերգեյ Բալասանյանը՝ տեղում հստակեցնելու Վրաստանին հատկացվելիք օգնության չափը եւ գնահատելու ցնցումից տուժած շենքերին հասցված վնասը:

Երեկ կեսգիշերից հետո տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է Ռիխտերի սանդղակով 6 բալլ: Էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 15 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: 3-4 բալլանող ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում՝ Գյումրիում եւ Վանաձորում:

Կան վիրավորներ՝ մոտ երեք տասնյակ, եւ զոհեր: Հայաստանում Վրաստանի դեսպանատան խորհրդական Թեւզաձեն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ զոհերի թիվը հասել է 5-ի: Նա ասաց նաեւ, որ կան տասնյակ ավերված շենքեր, վթարային վիճակում են մոտ 2000 շինություններ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը, զոհերի մեջ կան նաեւ հայեր՝ Թբիլիսիի Հավլաբար թաղամասի բնակիչներ Սվետլանա Ղարիբյանն ու իր 18-ամյա որդին:

Բայբուրթյանը ասաց նաեւ, որ խուճապը քաղաքում գրեթե հաղթահարվել է, վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Նրա խոսքերով, երկրաշարժից անմիջապես հետո ձեւավորված կառավարական հանձնաժողովի գնահատմամբ, աղետի պատճառած վնասը կազմում է 80-100 մլն դոլար:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG