Մատչելիության հղումներ

Կառավարության պատվերով ուսումնասիրվել են կոռուպցիայի տարածման չափերը Հայաստանում


Հակակոռուպցիոն ծրագրի մշակման գործում կառավարությանը օժանդակում է կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների մի ստվար բանակ: Այդպիսի կազմակերպություններից է «Հայ ժողովրդական ֆորում» հասարակական կազմակերպությունը, որն այսօր ներկայացնում էր իր կատարած՝ Հայաստանում կոռուպցիայի տարածման չափերի ուսումնասիրությունը:

Կառավարության պատվերով անցկացված այս սոցիոլոգիական հարցումն անցկացվել է տնային տնտեսությունների եւ գործարարների շրջանում:

Ըստ կազմակերպության ղեկավար Լյուդմիլա Հարությունյանի, տնային տնտեսությունների հարցումից պարզվել է, որ կոռուպցիայի հիմնական հարուցիչներից մեկը ծայրաստիճան աղքատությունն է: Մյուս կողմից, օրենքները շատ «թանկ» արժեն, ու մարդիկ գերադասում են ոչ թե օրենքով, այլ կաշառքով լուծել հարցերը:

«Օրենքները թանկ են, ծառայությունը պետականորեն թանկ է, եւ խոչընդոտը արդեն ծնված է դրանով: Մենք ունենք եկամուտների եւ հանրային ծառայություններից օգտվելու վճարների միջեւ անհամապատասխանություն», - ասաց Լյուդմիլա Հարությունյանը: -
«Եթե դուք վերցնեք առողջապահությունը, ապա առաջին խոչընդոտը դա պաշտոնական վճարներն են»:

Հարցման ենթարկված ընտանիքների 2/3-ը պատասխանել է, որ առողջապահական ծառայությունները մատչելի չեն, իսկ մնացած 1/3 մասը մատուցված առողջապահական ծառայությունների որակը գնահատել է միջակ: Հարցվածների ուղիղ կեսը պատասխանել է, որ բժշկությունը հիմնված է կաշառառության վրա։

Իսկ անմատչելիության ու ծառայության ցածր որակի առումով ամենաաննպաստ գնահատական ստացել է մաքսային ծառայությունը: Դրան հաջորդում են ազգային ավիաուղիները, իսկ երրորդ տեղում դատական ծառայություններն են։

Գործարարների կարծիքով էլ, ամենակոռումպացված պետական ծառայության բնագավառը մաքսային ծառայությունն է, որին հաջորդում են հարկային համակարգը եւ դատախազությունը։ Հարցման ենթարկված գործարարների շուրջ 68 տոկոսը համոզված է, որ ներկայիս կառավարությունը պատրաստակամ չէ լրջորեն պայքարելու կոռուպցիայի դեմ։ Հարցվածների 68 տոկոսը հայտարարել է, որ հարկադրված է եղել գործն առաջ մղելու համար կաշառք տալ այս կամ այն պաշտոնյային։

«Կաշառքը դա միջոց է բյուրոկրատիայից խուսափելու համար, եւ, որոշ դեպքերում էլ՝ օրենքները շրջանցելու համար», - ասաց հարցումն անցկացրած կազմակերպության փորձագետներինց մեկը՝ դա բացատրելով օրենքների անկատարությամբ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG