Մատչելիության հղումներ

Միջազգային գիտաժողովում քննարկվում են հարավկովկասյան խնդիրները


Երեւանում այսօր սկսվեց «Խաղաղության, կայունության եւ փոխըմբռնման միջավայրի ձեւավորումը Հարավային Կովկասում. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության կառույցների դերը» երկօրյա միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել է Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտը:

ՆԱՏՈ-ի տեղեկատվության եւ մամուլի գրասենյակի, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի օժանդակությամբ անցկացվող գիտաժողովին մասնակցում են փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, եվրոպական մի քանի երկրներից, ՆԱՏՈ-ից: Ներկա էին Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ:

Բաքվում գործող ժողովրդավարական բարեփոխումների միության համանախագահ Ռազի Նարուլանը իր ելույթում ասաց, թե Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի գնալ փոխզիջումների, եթե Հայաստանը վերադարձնի գրավյալ շրջաններից մեկ-երկուսը:

«Քանի որ հիմա հայկական կողմը առավելություն ունի, գրաված տարածքներ ունի, ուրեմն փոխզիջման ճանապարհին հայերը պետք է կատարեն առաջին քայլը: Եվ քանի որ ասվում է, թե այդ շրջանները հետ են վերադարձվելու, ուրեմն կարելի է քաղաքական կամք դրսեւորել, թեկուզ մեկ շրջան հիմա վերադարձնել», - ասաց ադրբեջանցի փորձագետը՝ շարունակելով, թե Ադրբեջանի փախստականները հետ կգան , միջազգային հանրությունը այդ քայլին հավանություն կտա, եւ Ադրբեջանը ստիպված կլինի պատասխան քայլեր կատարել:

«Դա Ալիեւի փուլ առ փուլ հարցի լուծման գաղափարն է», - ասաց Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միշտ պետք է սեղանին լինի:

«Ստատուսի խնդիրը ճակատագրական է եւ ամենակարեւորն է այսօր», -ավելացրեց նա:

Գիտաժողովում բախում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ: Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ԱՊՀ բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը, խոսելով Պանկիսի կիրճի ահաբեկչական օջախի, այդտեղից Աբխազիայի սահմանը հասած չեչեն գրոհայինների ջոկատի մասին, Վրաստանի իշխանություններին մեղադրեց միջազգային ահաբեկչությանը օժանդակելու մեջ: Այդ պահին Հայաստանում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին հեգնաբար ծափահարեց եւ ցուցադրաբար դուրս եկավ սրահից:

Իսկ Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ, դեսպան Կոնստանտին Ժգենտին վրացական հատուկ ծառայությունների եւ չեչեն գրոհայիների կապի մասին Ալեքսանդր Սկակովի ասածը որակեց որպես «հեքիաթային պատմություններ»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG