Մատչելիության հղումներ


Ինչպես հայաստանբակ, այնպես էլ Սփյուռքից ժամանած տասնյակ հազարավոր հայեր այսօր իրենց հարգարքի տուրքը մատուցեցին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական ղեկավար այրերի, հոգեւոր առաջնորդների համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա արարողակարգն սկսվեց Ցեղասպանության թանգարանում, որտեղ Եղեռնը վերապրած հեղինակի ներկայությամբ եւ նախագահ Քոչարյանի ձեռամբ բացվեց Ժանսեմի «Ջարդ» կտավաշարի ցուցադրությունը: Վերջին տարիներին ստեղծված այս 34 կտավները, որոնք, ըստ որոշ աղբյուրների, ապահովագրական միջազգային մի ընկերություն 5 միլիոն դոլար է գնահատել, հեղինակը՝ 80֊նն անց ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը՝ Հովհաննես Սեմերճյանը, նվիրել է Հայաստանին: Դրանք այսուհետ կցուցադրվեն Ցեղասպանության թանգարանում:

Այնուհետեւ Եղեռնի հուշամալիրի անմար կրակի շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցմամբ հոգեհանգիստ տրվեց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայ ժողովրդի օրինական պահանջների եւ սպասումների արդարացումն է», - ասված է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր հրապարակված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում: - «Դա վրեժխնդիր զգացումների արտահայտություն չէ, այլ նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը բացառելու մտահոգություն»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձում ասվում է, որ Հայաստանն իր հարեւանների եւ աշխարհի բոլոր ժողովուրդների հետ 21֊րդ դարում խաղաղ գոյակցելու եւ համագործակցելու ցանկությամբ է շարունակում իր արտաքին քաղաքականության մեջ գերակա համարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

«Մենք մեր ցանկությունները միշտ էլ հայտնի ենք դարձրել, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության մեջ մտնել բոլոր ոլորտներում: Ունենալ նորմալ հարաբերություններ, բաց սահմաններ, եւ դրանից հետո կարծում ենք, որ հնարավոր կլինի օրակագում ներառել նման [ցեղասպանությանը վերաբերող] խնդիրներ եւ փորձել երկխոսության միջոցով նաեւ հասնել հարցի լուծմանը», - «Ազատություն» ռադիոկայանին Ծիծեռնակաբերդում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Արտգործնախարարը հաստատեց, որ, բացի Հայաստանի քաղաքական մի շարք գործիչներից, ինքը նույնպես հանդիպում է ունեցել Հայ֊թուրքական հաշտեցման հանձնաժողովի ամերիկացի համակարգող Դեյվիդ Ֆիլիպսի հետ: Օսկանյանի կարծիքով, Ֆիլիպսի այցը նպատակ ուներ պարզել, թե ժողովրդական դիվանագիտության մակարդակով ինչ է հնարավոր անել հայ֊թուրքական հարաբերությունների նորմալացման համար: Դրա միջոցներից մեկը, ասաց արտգործնախարարը, ԱՄՆ֊ը համարում է ժողովրդական դիվանագիտությունը՝ «որպես երկրորդ ուղի, ոչ թե փոխարինելու պետական երկխոսությունը, այլ՝ ուղղակի լրացնելու», -

Չմասնավորեցնելով, Վարդան Օսկանյանն ասաց, որ Երեւանն այս առիթով իր դիրքորոշումը հստակ փոխանցել է, շարունակելով՝ «նրանք կկողմնորոշվեն, թե ինչպիսի ընթացք կտան հետագայում այդ գործընթացներին»:

Շիրակի մարզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մարդիկ այցելում են Ջաջուռ գյուղի մոտ գտնվող Ջարդի ձորում կանգնեցված խաչ-քար-հուշարձանը: Այսօր էլ մարդաշատ էր այստեղ. բացի շիրակցիներից, մարդիկ եկել էին նաեւ Լոռու մարզից:

1921 թվականի ապրիլին թուրք-այսկյարները Ալեքսանդրապոլի գավառի շուրջ 50 գյուղերից քշված մոտ 12 հազար հայերի են կոտորել Հերհերի ձորում, որը դրանից հետո կոչվել է Ջարդի ձոր:


Ռուզան Խաչատրյան, Երեւան եւ Արտյոմ Չեռնոմորյան, յումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG