Մատչելիության հղումներ

Տնտեսական դատարանը մերժում է «Ա1+»-ի փաստաբանների միջնորդությունները





Տնտեսական դատարանում այսօր շարունակվեց ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին «Ա1+» անկախ հեռուստաընկերության հայցով հարուցված դատավարությունը, որի ընթացքում դատարանը մերժեց «Մելտեքս» ընկերության (որի կազմի մեջ է մտնում «Ա1+» հեռուստաընկերությունը) փաստաբանների միջնորդությունը վերականգնել հեռարձակումը մինչեւ դատարանի վճիռը:

«Խնդրում ենք, որպեսզի պատասխանողը դատարան ներկայացնի մրցույթի գնահատման չափանիշները եւ մեխանիզմը», - «Ա1+»-ի շահերը ներկայացնող փաստաբան Օլգա Սաֆարյանի ներկայացրած այս միջնորդությունը նպատակ ուներ պարզելու, թե գնահատականներ տալու ժամանակ հանձնաժողովի անդամները ինչով են առաջնորդվում: Նա խնդրեց, որ համապատասխան հիմնավորումները ներկայացվեն դատարան:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շահերը ներկայացնող փաստաբանները, ի պատասխան ասացին, թե հանձնաժողովի անդամները առաջնորդվում են ներքին համոզմամբ:

Դատավոր Նախշուն Տավարածյանը մերժեց միջնորդությունները:

«Ա1+» եռուստաընկերության շահերը պաշտպանող կողմը պահանջում է անվավեր ճանաչել հանձնաժողովի ընդունած տասից ավելի որոշումները: Նրանք գտնում են, որ դրանք ընդունվել են գործող օրենքի խախտումներով: Հակառակ կողմը, բնականաբար, պնդում է, թե ներկայացված պահանջները անհիմն են:

«Ա1+»-ի իրավաբանները պնդում են, որ բոլոր ազատ հաճախականությունների համար հանձնաժողովը պետք է մեկ մրցույթ հայտարարեր: Հանձնաժողովը իրավասու չէր առանձին մրցույթներ անցկացնել:

Իսկ հանձնաժողովի շահերը ներկայացնող փաստաբանների խմբի ղեկավար Էդիթ Խաչատրյանի պնդմամբ, օրենքում ամրագրված չէ, որ պետք է մեկ մրցույթ լիներ: Հարցը կարգավորված է հանձնաժողովի կանոնակարգով, որը, նրա խոսքերով, «սահմանում է, որ մրցույթ հայտարարվում է կոնկրետ հաճախության համար»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շահերը դատարանում ներկայացնում են «Ինտերնեշնլ լիգըլ քընսալտինգ» իրավաբանական ծառայության ներկայացուցիչները: Այդ կազմակերպությունը հիմնականում իրավաբանական ծառայություններ է մատուցում Հայաստանում ներդրումներ անող ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Էդիթ Խաչատրյանը 1994-98 թվականներին Ամերիկայի հայկական համագումարի Երեւանի գրասենյակի տնօրեն էր: Իրավաբանական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում:

Ինչպես Էդիթ Խաչատրյանը, այնպես էլ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ րիգոր Ամալյանը հրաժարվեցին պարզաբանումներ տալ, թե պետբյուջեից ֆինանսավորվող հանձնաժողովը, որն ունի իր հաստիքային իրավաբանը, իր շահերը պաշտպանելու համար կարո՞ղ է արդյոք օգտվել ուրիշ տեղ աշխատող իրավաբանների բավական թանկ ծառայություններից: Երկուսն էլ խոստացան պարզաբանումներ տալ դատավարության ավարտից հետո:


Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 25-ին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG