Մատչելիության հղումներ

logo-print

Հայ- թուրքական հաշտեցման հանձնախմբի համակարգողը հանդիպում է Հայաստանի քաղաքական գործիչներին


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդվեյի տանը երեկ հյուրընկալվել էին Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության հաստատման ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, որը հայտնի է որպես հայ֊թուրքական հաշտեցման հաձնաժողովի համակարգող, այդ հանձնաժողովի անդամներից՝ ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը եւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը:

ՀՀՇ վարչության նախագահ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեց հարցազրույցից՝ փոխանցելով միայն, որ նման քննարկումները՝ ցանկացած ֆորմատով, արդյունավետ է համարում:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ խոսել են «տարածաշրջանի եւ հիմնականում հայ-թուրքական հարաբերությունների եւ այդ հանձնաժողովի գործունեության մասին»՝ զրույցը բնորոշելով «ընկերական եւ չպարտավորեցնող»:

Վազգեն Մանուկյանն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հստակեցման կարեւորության շուրջ խոսելիս, հանդիպման հայ մասնակիցները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ այս խնդիրը բաժանել երկու, այսպես ասած, փնջի: Առաջինը, էմոցիոնալը՝ մարդկային, տարածքների, ունեցվածքի կորուստ, արժանապատվություն, փոխհատուցում: Երկրորդը՝ անվտանգության հարցեր:

«Մենք միշտ կասկածել ենք, եւ հիմքեր ունեցել ենք կասկածելու, որ Թուրքիան երկարատեւ մի ծրագիր ունի տարածաշրջանում՝ մինչեւ Միջին Ասիայի հետ կապված հարցեր, որտեղ մենք իր համար խոչընդոտ ենք», - անվտանգության հարցերը պարզաբանեց նա: - «Իսկ եթե անվտանգության հարցերը լուծված չեն, ապա խոսել հարցերի մյուս փնջի մասին, բավարար չէ»:

Վազգեն Մանուկյանի խոսքերով, կան տարածաշրջանի անվտանգության, ապահովության, տնտեսական զարգացման խնդիրներ, որոնց մեջ հիմնարարը հայ֊թուրքական հարաբերություններն են: Իսկ այստեղ խոչընդոտը ցեղասպանության ճանաչման հարցն է:

«Եվ բնական է, որ փորձեր պիտի կատարվեն այդտեղ ինչ-որ լուծումներ գտնելու», - աաց Մանուկյանը:

ԱԺՄ նախագահը տեսակետ է հայտնել, որ հայ֊թուրքական հանձնաժողովը կազմավորելիս, պետք էր խորհրդակցություններ ունենալ բոլոր քաղաքական ուժերի, մտավորականության տարբեր շերտերի հետ, որպեսզի նրա աշխատանքն ավելի քիչ քննադատության ենթարկվեր եւ «ավելի ընկալելի ու ընդունելի կլիներ բոլորի կողմից»:

«Սա պրոցես է, որի մեջ տարբեր հանձնաժողովներ կստեղծվեն, ամեն մեկը մի քայլ առաջ կտանի», - հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին ասաց Վազգեն Մանուկյանը:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ հաշտեցման հանձնաժողովն ընդամենը մի դրվագն է տարածաշրջանում կայունություն, խաղաղություն եւ տնտեսական խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ֊ի ընդհանուր ծրագիր֊նպատակի, ասաց, թե գոնե իր կարծիքով, այդ նպատակին հասնելու «լավագույն տարբերակը չէ ընտրված»:

Տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության կարեւորագույն ազդակը, նրա խոսքերով, կարող է լինել, ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ճանաչումը Թուրքիայի կողմից:

«Թուրքիայի ճանաչումը ապահովելու առումով բացառիկ կարեւոր է նախ եւ առաջ ԱՄՆ֊ի ճանաչումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղվան Վարդանյանը:

«Երկու պետությունների երկխոսության մակարդակը բնականաբար ընդունելի է», - ասաց Վարդանյանը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պաշտոնական Երեւանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Պատասխանելվ հարցին, թե ինչպիսին է Դաշնակցության դիրքորոշումը, Աղվան Վարդանյանը ասաց. - «Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է նաեւ քաղաքական որոշակի հետեւանքներ: Բոլորը, սակայն, հնարավոր կլինի քննարկել երկխոսության, բանակցությունների սեղանի շուրջ: Որեւէ կոնկրետ պայման այսօր որեւէ մեկը չի առաջադրում»:

Ըստ մեր տեղեկությունների, հանձնաժողովի անդամ Անդրանիկ Միհրանյանը պետք է հանդիպած լինի Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին՝ հանձնաժողովը դաշնակցության անդամով համալրելու առաջարկով: Վարդանյանը ասաց, որ կուսակցությունը նման հարց չի քննարկել, իսկ Վահան Հովհաննիսյանը բացակայում է քաղաքից:

Լավատեղյակ աղբյուրներից օրերս «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ հայ֊թուրքական հաշտեցման հանձնաժողովը չի դադարեցրել գործունեությունը եւ շարունակում է աշխատել՝ նույն անվանումով, իսկ մասնակիցներն ու ամերիկյան միջնորդները մտադիր են ընդարձակել նրա կազմը՝ ներկայացուցիչներ ներառելով թե' հայկական, թե' թուրքական կողմից:

Դեյվիթ Ֆիլիպսը Հայաստանում հանդիպումներ է ունեցել նաեւ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես եղամյանի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG